Ամասիա խոշորացված համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանը, որը զբաղեցնում էր նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը և որին կաշառք տալ-ստանալու մեղադրանքով մեկամսյա կալանքի էին ենթարկել, ազատ է արձակվել։
Ինչպես տեղեկացանք նրա շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանից, կալանքի մեկամսյա ժամկետը դեռ չլրացած՝ դատարանը նախնական նիստով փոխել է նրա խափանման միջոցը․ նրա նկատմամբ սահմանել է վարչական վերահսկողություն՝ պաշտոնավարման կասեցմամբ, մեկ միլիոն դրամ գրավի կիրառմամբ և բացակայելու արգելքով։
Ինչպես հայտնի է՝ մեղադրանքի հիմքում Բյուրակնի դպրոցում որպես գիշերային պահակ աշխատող Մ․Ս․-ի ու նրա կնոջ՝ այդ նույն դպրոցի հավաքարար, բակապահ ու ցերեկային պահակ աշխատող Ա․Ս․-ի ցուցմունքներն են, համաձայն որոնց՝ նախկին տնօրենը աշխատանքից չազատելու պայմանով երկու տարի շարունակ յուրաքանչյուր ամիս նրանցից պահանջել ու ստացել է աշխատավարձերից 50 հազար դրամ։
Aravot.am-ին հայտնի է դարձել, որ Լուսինե Մելիքյանի՝ կալանքի մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցվել նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ամասիայի բաժնում հոկտեմբերի 15-ին ստացված տեղեկություններն առ այն, որ Լուսինե Մելիքյանը դեռ 2009 թվականից իր ղեկավարած դպրոցում որպես գրադարանավարուհի աշխատանքի է ընդունել հարազատ քրոջը, ով, սակայն, չի հաճախել աշխատանքի, չի իրականացրել օրենքով սահմանված իր գործառութային պարտականությունները, սակայն աշխատավարձ է ստացել։
Այս թեմայով ոստիկանություն հաղորդումներ են ներկայացրել դպրոցում աշխատող երկու տղամարդիկ․ նրանցից մեկը ուսուցիչ է, մյուսը՝ բանվոր-պահակ․ նրանք հրավիրվել են ոստիկանություն ու նույնաբովանդակ հաղորդումներ ներկայացրել։
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ խոսքն այն դպրոցի մասին է, որտեղ մշտապես ինտրիգներ են հյուսվում, պաշտոնակռիվներ մղվում, ընդհուպ նկարահանել էին երկրի պաշտոնատար անձանցից մեկին նմանակող կին մի աշխատակցուհու, ու այն մոտ երկու տարի անց հայտնվել էր Ամասիայի ոստիկանությունում, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով անմիջապես ուղարկվել էր Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: