Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում ներառված՝ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում դատարանով անձին քաղաքացիությունից զրկելու դրույթն առաջարկվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ մանրամասնելով նոր կարգավորման տրամաբանությունն ու հետագա ընթացակարգերը։
Նախարարի խոսքով՝ տարբեր երկրներում քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը կիրառվում է հենց նմանատիպ վտանգավորություն ներկայացնող հանցագործությունների պարագայում, երբ պետությունը հարց է բարձրացնում տվյալ անձի հետ իրավական կապը շարունակելու և նրան քաղաքացուն բնորոշ իրավունքներ ու պարտականություններ վերապահելու նպատակահարմարության վերաբերյալ։ Սարգսյանը շեշտել է, որ առաջարկը վերաբերում է գաղափարական հարթությանը, և որևէ կոնկրետ անձի կամ այլ երկրի քաղաքացու նկատի չունեն։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է նման կարգավորումը ներառվում Սահմանադրության տեքստում, նախարարը պարզաբանել է, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, ուստի «Քաղաքացիության մասին» օրենքում նման փոփոխություն անելը կլիներ հակասահմանադրական։ Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ նման հնարավորություն ամրագրելուց հետո միայն հնարավոր կլինի օրենքով սահմանել համապատասխան ընթացակարգը։
Արփինե Սարգսյանը նշել է, որ թեման երկու շերտ ունի՝ երկքաղաքացիների և միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ կիրառման տրամաբանությունը։ Միևնույն ժամանակ, ՆԳ նախարարը վստահեցրել է, որ քննարկումների ընթացքում հաշվի է առնվելու միջազգային պրակտիկան և պետության ստանձնած միջազգային պարտավորությունը՝ գլոբալ մակարդակով բացառելու քաղաքացիություն չունեցող անձանց առկայությունը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ թե քաղաքացիությունից զրկվելուց հետո անձը ինչ փաստաթղթով է մնալու և ինչպես է օգտվելու ծառայություններից, մասնավորապես՝ առողջապահությունից, նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում արդեն իսկ ապրում են քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնք լիարժեք օգտվում են ծառայություններից։
«Զրկվածի դեպքում, եթե գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որ, օրինակ, անձը չունի որևէ երկրի քաղաքացիություն, չի ստացել կամ զրկվել է այլ երկրի քաղաքացիությունից, մենք ունենք բաց կապույտ երանգի անձնագրեր, որոնք տրվում են հենց այդպիսի անձանց։ Դրանք միջազգային ընդհանուր կոնվենցիոն փաստաթղթեր են, հաստատված են միջազգային պարտավորություններով, և որևէ խնդիր չկա այս տեսանկյունից»,- ասաց Արփինե Սարգսյանը։