Տատյանա Քիմն այլևս չի զբաղեցնում Wildberries ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այս մասին են վկայում Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի (ԵԳՐՅՈՒԼ) տվյալները։
Նոյեմբերի 19-ից այդ պաշտոնը զբաղեցրել է Ալեքսեյ Կուլիկովը։
2004 թվականին Քիմը (այն ժամանակ՝ Բակալչուկ ազգանունով) ամուսնու հետ հիմնադրել է Wildberries ընկերությունը։ Նրան էր պատկանում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 99%-ը, իսկ ամուսնուն՝ 1%-ը։ Ընկերության հիմնադրումից հետո Բակալչուկը ստանձնել էր գլխավոր տնօրենի պաշտոնը։
SPARK-ի տվյալներով՝ Քիմը նոյեմբերի 18-ին դադարել է զբաղեցնել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և կորցրել է առանց լիազորագրի ընկերության անունից գործելու իրավունքը։
Wildberries & Russ-ի մամուլի ծառայությունից ավելի ուշ RBC-ին հայտնել են, որ գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո Քիմը կշարունակի զբաղվել ընկերությունների խմբի ռազմավարական զարգացմամբ։
«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից RWB խմբի կազմում է։ Գործառնական ամբողջ գործունեությունը փոխանցվել է RWB-ին՝ խմբի հիմնական ընկերությանը։ Ձևավորվել է էկոհամակարգ, ձեռք են բերվել նոր ընկերություններ, իսկ Wildberries-ը մնացել է խմբի որոշ ակտիվների սեփականատերը։ Հետևաբար, գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա»,- հայտնել են RWB-ից։
Նախօրեին փոփոխություններ են տեղի ունեցել նաև «ՌՎԲ» ՍՊԸ-ի սեփականատերերի կազմում։ Եթե նախկինում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ին էր պատկանում ընկերության 65%-ը, իսկ «Ստինն» ՍՊԸ-ին՝ 35%-ը, ապա 2026 թվականի նոյեմբերի 19-ին նոր հիմնադիրների գրանցումից հետո նրանց բաժնեմասերը համապատասխանաբար նվազել են մինչև 45% և 25%։
Ընկերության նոր մասնակիցներ են դարձել «Տոմ» փակ բաժնետիրական ներդրումային հիմնադրամը՝ 17,5% բաժնեմասով, և «Գալո» հիմնադրամը՝ 12,5% բաժնեմասով։ Այսպիսով, երկու հիմնադրամները միասին ձեռք են բերել Wildberries-ի և Russ-ի միավորված ընկերության կանոնադրական կապիտալի 30%-ը։
RWB-ի մամուլի ծառայությունից RBC-ին հայտնել են, որ փոփոխությունները կապված են ընկերության ակտիվների օպտիմալացման, ինչպես նաև պատասխանատվության բաշխման նոր հայեցակարգի և հիմնադիրների կազմի փոփոխության հետ։
Նոյեմբերի 16-ին Քիմը հայտնվել էր Եվրամիության պատժամիջոցների ցուցակում։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի տվյալներով՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ընդհանուր առմամբ 145 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ։
RWB-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի ընկերության գործունեության վրա։