«Բոլոր տարբերակները կլինեն սեղանին». Բրիտանիայի ԱԳ նախարարը չի բացառել ԵՄ վերադարձը

Նրա խոսքով՝ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հետ վարչապետ Էնդի Բըրնեմի ոչ պաշտոնական բանակցություններում քննարկվելու են բոլոր հնարավոր սցենարները։

«Մենք կգնահատենք բոլոր տարբերակների առավելություններն ու հնարավոր կորուստները»,- ասել է Միլիբենդը՝ պատասխանելով ԵՄ կրկին անդամակցելու հավանականության մասին հարցին։

Ուրբաթ օրը բրիտանական կառավարությունը հայտնել է, որ ԵՄ-ի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրի և երիտասարդական փոխանակումների շուրջ։ Համաձայնագրերը ներառում են սննդամթերքի ու խմիչքների չափորոշիչների համապատասխանեցում, արտանետումների առևտրի համակարգին մասնակցություն և երիտասարդների շարժունակության ծրագրի մեկնարկ։

Նախատեսվում է, որ շուրջ 100 հազար երիտասարդ բրիտանացի կկարողանա ապրել, աշխատել, սովորել և ճանապարհորդել ԵՄ երկրներում։ Նույն հնարավորությունը կտրվի նաև եվրոպացի երիտասարդներին Մեծ Բրիտանիայում։

Բըրնեմի գնահատմամբ՝ այս համաձայնագիրը երկրի ՀՆԱ-ն կավելացնի 0,5%-ով՝ բրիտանական տնտեսությանը բերելով լրացուցիչ 17 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Միլիբենդը նշել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Բըրնեմը ԵՄ ներկայացուցիչների հետ կանցկացնի ոչ պաշտոնական քննարկումներ՝ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմանավորվածություններն այն առավելագույնն են, ինչին կառավարությունը կարող է հասնել մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները։

Այդուհանդերձ, երեք համաձայնագրերի իրագործումը կարող է վտանգի տակ հայտնվել արդեն կես տարի անց։ ԵՄ-ն սպառնացել է արգելափակել դրանք, եթե Լոնդոնը եվրոպացի ուսանողներին թույլ չտա բրիտանական բուհերում սովորել տեղացիների համար գործող նույն վարձավճարով։

2024 թվականին իշխանության գալուց ի վեր Լեյբորիստական կուսակցությունը հավատարիմ է մնում իր նախընտրական «կարմիր գծերին»՝ չվերադառնալ ԵՄ միասնական շուկա ու մաքսային միություն և չվերականգնել ազատ տեղաշարժը։

Սակայն Բըրնեմն ավելի վաղ խոստովանել էր, որ կցանկանար իր կյանքի օրոք տեսնել Մեծ Բրիտանիայի վերադարձը Եվրամիություն։

Մինչև Սուրբ Ծնունդ վարչապետը նախատեսում է ներկայացնել տասնամյա ռազմավարություն, որտեղ կուրվագծվի հաջորդ ընտրություններից հետո ԵՄ-ի հետ մերձեցման ուղին։ Բրյուսելի հետ ոչ պաշտոնական բանակցություններ կանցկացվեն նաև հաջորդ տարի կայանալիք Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովից առաջ։

Միլիբենդը հարգում է ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ 2016 թվականի հանրաքվեի արդյունքները, բայց շեշտում է, որ իրավիճակն էապես փոխվել է։

«Աշխարհն արմատապես փոխվել է, փոխվում է նաև Եվրոպան, ուստի մենք պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում մեզ համար»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը ներկայիս խորհրդարանի գործունեության մասին չէ, և կառավարությունը չի խախտի գործող սահմանափակումները։

Ուրբաթ օրը Բըրնեմը ձեռք բերված պայմանավորվածությունները բնութագրել է որպես «լավ օր Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար»։ Նրա խոսքով՝ դրանք արձագանքում են քաղաքացիների գլխավոր մտահոգություններին՝ կյանքի թանկացմանը, տնտեսական դանդաղ աճին, անօրինական միգրացիային և երիտասարդների խնդիրներին։

«Գործարքը կնքված է, բոլոր պայմանները հստակ ամրագրված են փաստաթղթում»,- հայտարարել է Բըրնեմը՝ նշելով, որ համապատասխան օրինագիծը խորհրդարան կմտնի արդեն հաջորդ շաբաթ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի հարթել տարաձայնությունները, և ողջունել է առաջիկա ոչ պաշտոնական քննարկումները։

Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի նախարար Անջելա Իգլն էլ BBC Radio 4-ի եթերում ընդգծել է, որ պայմանավորվածությունները մեծապես կօգնեն բրիտանացի ֆերմերներին՝ նրանց առջև բացելով նոր շուկաներ և պարզեցնելով արտահանումն ու ներմուծումը։

Leave a comment