Խնդիրներ ՏՏ ոլորտում. արտահանումը եռապատկվեց, աշխատատեղերը՝ ոչ. Աղասի Թավադյան

2024 թվականի օգոստոսին հրապարակված «SOS ՀՀ ՏՏ. Վայրիվերում ոլորտում» վերլուծությունում մենք խոսել էինք նրա մասին, որ երկու եռամսյակ անընդմեջ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չի գրանցվել աճ։ Հատկապես նախորդող 2 տարիների զգալի երկնիշ աճից հետո այս հանկարծակի անկումը կարող էր վկայել այս ռազմավարական ճյուղում ճգնաժամի մասին։ Երկու տարի անց անհրաժեշտ է ներկայացնել զարգացումների շարունակությունը։ Այս ընթացքում աճը վերականգնվել է. թողարկման ծավալները ոչ միայն վերադարձել են նախկին մակարդակին, այլև անցել արագ վերելքի փուլ։ Բարեբախտաբար անկումը կարճատև էր։ Այդուհանդերձ, վերջին տարիներին գրանցված աճը չի անդրադարձել աշխատակիցների թվի վրա և չի հանգեցրել աշխատավարձերի բարձրացման, ինչպես գրանցվել էր մինչև 2023 թվականը։ Ոլորտի ներկայիս վերելքը բնութագրվում է սառեցված աշխատավարձերով և նոր աշխատատեղերի բացակայությամբ։

2024-ին աճը կանգ առավ, ապա վերականգնվեց

2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտը զգալիորեն աճել է՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանից տեղափոխված մասնագետների ներհոսքով։ Այս ժամանակահատվածում ոլորտը դարձավ ՀՆԱ-ի աճի էական աղբյուր՝ ապահովելով ընդհանուր աճի 1–3 տոկոսային կետը, կամ ընդհանուր աճի մոտ 10-ից 25%-ը։ 2024 թվականի սկզբին, սակայն, այդ աճը դադարեց, և երկու եռամսյակ անընդմեջ գրանցվեց անկում։ Բարձր աճին հաջորդած այս կտրուկ նվազումը դիտարկվում էր որպես հնարավոր ճգնաժամի սկիզբ։ Բարեբախտաբար ճգնաժամը չսկսվեց։ 2026 թվականի կեսերին տեղեկատվության և կապի ոլորտի եռամսյակային թողարկումը հասավ շուրջ 186 միլիարդ դրամի, ինչը ծավալային առումով մոտ 15%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ոլորտն աճել է 25.6%-ով[1]։ 2024 թվականի մտահոգիչ միտումը հաղթահարվել է, և ցուցանիշները կրկին դրական դինամիկա ունեն։

Թողարկումը վերականգնվեց, աշխատատեղերն ու աշխատավարձերը՝ ոչ

Այդուհանդերձ, ոլորտում խորքային խնդիրները դեռ առկա են։ Եթե 2022 թվականի առաջին եռամսյակը, երբ սկսվեց Ռուսաստանից ռելոկացված մասնագետների ներհոսքը, ընդունենք որպես բազային 100% (74.8 մլրդ դրամ), ապա պատկերն ավելի պարզ է դառնում։ Ոլորտի տնտեսական թողարկման ծավալը հասել է 248%-ի՝ աճելով շուրջ 2.5 անգամ (185.8 մլրդ դրամ)։ Մինչդեռ զբաղվածության ցուցանիշը կազմում է 131 (46,185 աշխատակից), իսկ միջին աշխատավարձը՝ 137 (863,046 դրամ), ընդ որում՝ առանց գնաճի հաշվառման։ Նշված երկու ցուցանիշները 2023 թվականից ի վեր չեն աճել։ Հետևաբար, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում աճը վերադարձել է, սակայն այս աճը չի տարածվել աշխատատեղերի ու աշխատավարձի վրա։ Ոլորտն այսօր թողարկում է 2.5 անգամ ավելի մեծ ծավալ, քան ռելոկանտների ներհոսքի սկզբում։ Աշխատակիցների թիվը գրեթե չի ավելացել, իսկ աշխատավարձերն այնքան դանդաղ են աճել, որ գների բարձրացումը փաստացի չեզոքացրել է այդ հավելաճի մեծ մասը։ Նույն խզումը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ. 2026 թվականի առաջին կիսամյակում այս ոլորտի թողարկումն աճել է 25.6%-ով, աշխատատեղերը՝ 1.7%-ով, իսկ աշխատավարձերը՝ ընդամենը 0.4%-ով։

2024 թվականի վերջին այս ոլորտի հանկարծակի անկումը մտահոգիչ էր։ Սակայն խնդիրը երբեք ՏՀՏ ոլորտի թողարկման ծավալը չի եղել։ Առանցքային հարցն այն է, թե ում է բաժին հասնում այդ աճը։

Աճ՝ նաև դոլարային արտահայտությամբ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե արժևորված դրամն է արհեստականորեն ուռճացրել դրամային ցուցանիշները։ Իրականում պատկերը հակառակն է։ Դոլարային արտահայտությամբ ոլորտի ծառայությունների արտահանումը 2022 թվականի սկզբից ի վեր ավելի քան եռապատկվել է, մինչդեռ աշխատակիցների թիվն աճել է մեկ երրորդից պակաս։ Եթե 2022 թվականի սկզբին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր շուրջ 480 դրամ, ապա ներկայումս այն 360 դրամ է։ Դրամի արժևորման պայմաններում նույն դրամային եկամուտը համազոր է ավելի բարձր դոլարային գնի, այլ ոչ թե ավելի փոքրի։ Փաստացիորեն, արտարժույթով արտահայտված ոլորտի աճն իրական է։ Բայց և այնպես, այն կրկին շրջանցել է աշխատուժը, որը մնացել է անփոփոխ։ Այսպիսով՝ դոլարային արտահանումն ու ոլորտային թողարկումն աճում են, սակայն դրամի արժևորման պայմաններում ՏՀՏ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերում այդ դինամիկան չի արտացոլվում։ Հենց այս հանգամանքը կարող է դիտարկվել որպես ստեղծված իրավիճակի հիմնական բացատրություններից մեկը։

ՏՏ ոլորտի արտադրողական հակասությունը

Տնտեսագիտությունն ասում է, որ աճն ուղեկցվում է զբաղվածության ընդլայնմամբ, այսպես՝ երբ առկա է ավելի մեծ թողարկում, ապա դա բերում է ավելի շատ աշխատակիցներ։ Հայաստանի ՏՏ ոլորտը, սակայն, շեղվում է այս օրինաչափությունից։ 2023 թվականին զբաղվածության աճը դադարեց, և այդ պահից սկսած հետագա աճը գրեթե ամբողջությամբ ապահովվել է մեկ աշխատակցի հաշվով արտադրողականության բարձրացմամբ։ Ներհոսքի մեկնարկից ի վեր մեկ աշխատակցի հաշվով թողարկումն աճել է շուրջ 1.9 անգամ, մինչդեռ աշխատակիցների թիվը մնացել է անփոփոխ։

Այս զարգացմանը նպաստել է երեք գործոն։ Առաջինը տեխնոլոգիական գործիքակազմի բարելավումն է. ավտոմատացումը, ամպային ծառայությունները, իսկ այժմ նաև արհեստական բանականությունն ընկերություններին թույլ են տալիս նույն աշխատակազմով ապահովել ավելի մեծ ծավալի արդյունք։ Երկրորդը գործառնական արդյունավետության բարձրացումն է. հարմարվողականության տարիներին ընկերությունները կրճատեցին ավելորդ ծախսերը և կենտրոնացան իրենց ամենաարդյունավետ ուղղությունների վրա։ Երրորդ գործոնը հենց զբաղվածության աճի դադարեցումն է։ Նոր աշխատակիցներ ընդունելու փոխարեն ընկերությունները պահպանեցին իրենց ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներին, ինչի արդյունքում մեկ աշխատակցի հաշվով թողարկումն էականորեն աճեց։

Մեղմ ձևակերպմամբ՝ սա քանակական աճից դեպի որակական զարգացում անցնող ոլորտ է։ Ավելի ուղիղ ասած՝ սա ոլորտ է, որը սովորել է աճել առանց նոր աշխատատեղեր ստեղծելու։ Այս ոլորտին սկսնակ ծրագրավորողներ անհրաժեշտ չեն։ Այն սահմանափակված է աշխատուժի այն առավելագույն շեմով, որը ձևավորվել էր 2022 թվականի մեկանգամյա ներհոսքի արդյունքում և ներկայումս որևէ նոր աղբյուրով չի համալրվում և կարիքը չի զգում։

Ինչու ոլորտի վերելքը շրջանցեց աշխատողներին

Աշխատավարձերի և աշխատակիցների թվի աճի գագաթնակետը եղել է 2023 թվականի սկզբին։ Այդ պահից ի վեր երկու ցուցանիշներն էլ մնացել են գրեթե անփոփոխ։ Դեռևս 2024 թվականին մատնանշված պատճառները շարունակում են գործել։ Փոխվել է միայն դրանց ազդեցության ուղղությունը. նախկինում դրանք զսպում էին թողարկման աճը, իսկ այժմ ճնշում են ոլորտի աշխատակիցների եկամուտները։

ՀՀ դրամի արժևորումը։ Արժևորված դրամը, որը նախկինում տեղական արտահանողներին հասցնում էր սնանկացման եզրին, այժմ նվազեցնում է իրական աշխատավարձերը։ Այն ոլորտներում, որոնք ապահովում են ծառայությունների արտահանում, ինչպիսիք են ՏՏ ոլորտը, ինչպես նաև տուրիստական ոլորտը, աշխատավարձերի մեծ աճ չեն գրանցել համեմատ դոլարով արտահայտված ոլորտի աճի հետ։ Պատճառն այն է, որ ոլորտի հասույթը ձևավորվում է դոլարով, մինչդեռ աշխատավարձերը վճարվում են դրամով։ Մենք չենք պնդում, որ Հայաստանում բացի դրամից այլ արժույթով պետք է աշխատավարձ վճարել, սակայն մատնանշում ենք խնդրի աղբյուրը։ Անվանական աշխատավարձն աճել է, սակայն դրամի արժևորումն ու գնաճը չեզոքացնում են այդ աճը։

Հարկային քաղաքականության փոփոխությունները։ Հավաստագրված ՏՏ ընկերությունների համար գործող եկամտային հարկի 10% արտոնյալ դրույքաչափի գործողության ժամկետն ավարտվեց 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ շահութահարկի արտոնությունը դադարեցվել էր դեռևս մեկ տարի առաջ։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար շրջանառության հարկը բարձրացավ 5%-ից մինչև 10%, մինչդեռ հարևան Վրաստանը ՏՏ ընկերությունների համար սահմանել է ընդամենը 1% հարկ։

Երևանում կյանքի թանկությունը և կապիտալի արտահոսքը։ 2022–2023 թվականներին Երևանում բնակարանների վարձավճարները նույնիսկ գերազանցում էին Մոսկվայի մակարդակը։ ՏՏ մասնագետները Հայաստան էին եկել կապիտալի հետ և հեռանում են դրա հետ միասին։ Ներհոսքն ունի ժամանակավոր միտում, մինչդեռ դրա արդյունքում ձևավորված աշխատուժի սահմանափակումը պահպանվում է մինչ օրս։

Ինչ է սպասվում առաջիկայում. ԱԲ գործարանը և էներգահամակարգը

Զարգացման հաջորդ փուլն ընթանում է նույն տրամաբանությամբ։ NVIDIA-ի մասնակցությամբ և կառավարության աջակցությամբ իրականացվող 500 միլիոն դոլար արժողությամբ Firebird արհեստական բանականության գործարանը երկրի պատմության մեջ ամենախոշոր տեխնոլոգիական ներդրումն է։ Այն արդեն անվանում են հայկական «Աստղային դարպաս» («Stargate»)[2][3]։ Առաջին փուլը գործարկվել է Հրազդանում 2026 թվականին՝ հազարավոր NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների (GPU) կիրառմամբ և հզորությունը 100 ՄՎտ-ից ավելի ընդլայնելու ծրագրով[4]։ Սա կապիտալատար, այլ ոչ թե աշխատատար նախագիծ է։ Նման 100 ՄՎտ հզորությամբ կենտրոնը երկարաժամկետ հեռանկարում ապահովում է ընդամենը 40-ից 180 աշխատատեղ, այլ ոչ թե հազարավոր։ Այն շարունակում է վերը ներկայացված գծապատկերներում արտացոլված մոդելը՝ զգալիորեն ավելի մեծ թողարկում՝ գրեթե առանց նոր աշխատատեղերի ստեղծման։ Նշենք նաև, որ Firebird ԱԲ գործարանը դեռ չի հանձնվել շահագործման, սակայն նրա պոտենցիալ հզորությունները արդեն իսկ վաճառվել են[6]։

Միևնույն ժամանակ ոլորտը բախվում է մի սահմանափակման, որին նախկինում երբևէ չի առնչվել։ Ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում 100 ՄՎտ հզորությամբ տվյալների կենտրոնը տարեկան կսպառի շուրջ 0.876 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այդ ծավալը համարժեք է 2024 թվականին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 9.3%-ին[5]։ Արտադրողականության հակասությունը ոլորտին թույլ տվեց աճել առանց լրացուցիչ աշխատուժի։ Սակայն առանց լրացուցիչ էներգետիկ հզորությունների այն ընդհանրապես չի կարող աճել։ Այսուհետ ոլորտի վերելքն ավելի շատ կախված է էներգահամակարգի կարողություններից, քան մասնագիտական ներուժից։

ՏՏ մասնագետների՝ 2022 թվականի ներհոսքը ժամանակավոր երևույթ էր, և երկարաժամկետ տնտեսական քաղաքականությունը չի կարող հիմնվել դրա վրա։ Վերականգնվել են և՛ թողարկման ծավալները, և՛ դոլարային հոսքերը։ Այդուհանդերձ, առայժմ չկա որևէ վկայություն, որ այս աճը հասնում է այն աշխատողներին, որոնց բարեկեցությունը ոլորտը պետք է ապահովի։

Աղասի Թավադյան,

tvyal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment