Պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր հնարավորությունների ընդլայնումը կարող է ամեն տարի առնվազն 100 քաղաքացու ազատել ծառայությունից։ Ազգային ժողովում քննարկվող նախագծի վերաբերյալ մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ տարբեր գերատեսչությունների պահանջներով ծառայությունից ազատման մեխանիզմների ընդլայնումը անհավասարություն է առաջացնում։
«Եթե էս օրենքն էլ կողմ քվեարկվի, ամեն տարի առնվազն՝ մոտավորապես եմ ասում, Հայաստանի Հանրապետության հարյուր քաղաքացի ազատվելու է պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց Մանուկյանը։
Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովում քննարկումների ընթացքում տարբեր գերատեսչություններ ներկայացնում են իրենց մասնագետների կարիքը՝ առաջարկելով նրանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Մանուկյանի խոսքով՝ նման մոտեցման շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ հաջորդիվ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար ևս ծառայությունից ազատման պահանջներ ներկայացվեն։
«Զինվորական պարտադիր ծառայությունը հայրենիքի նկատմամբ պարտականության կատարում է։ Շատ մանրամասն ենք հանձնաժողովում խոսել։ Էդ պարտադիր զինվորական ծառայությունը մենակ ավտոմատ բռնած դիրքում կանգնելը չէ։ Հայաստանի տարբեր բնակավայրերի շփում է, մարդուն մարդ դարձնել է, տղամարդ դարձնելն է, վաղը պետական ծառայության մեջ էդ մարդը, որպեսզի հասկանա էն արժեքը, որ իր պաշտոնն է։ Այսինքն՝ տեսեք՝ 18 տարեկան ավարտում է, գնում է Անգլիա, սովորում է, ավարտում է, գալիս է, միանգամից պետական աշխատանքի է նշանակվում, բայց, սենց ասեմ էլի, հողի հետ շփում չունի»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով արտերկրում բուհերում սովորողների՝ ծառայությունից ազատման թեմային և նրանց Հայաստան վերադառնալու հարցին՝ Մանուկյանն ընդգծեց, որ զինված ուժերի նկատմամբ նման մոտեցումը արդար չէ։ Նրա խոսքով՝ հայրենասիրության և գիտելիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը չպետք է հիմք դառնա քաղաքացիների միջև պարտադիր զինվորական ծառայության հարցում անհավասարություն ստեղծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան