Եվրոպացի բանակցողների այցը Մոսկվա քննարկվում է. Ռյաբկով

Բաժանորդագրվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հետ կապված ըմբռնում ՌԴ–ն չունի, նշել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եվրոպացի բանակցողների այցը Մոսկվա քննարկվում է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նախագահը, Չինաստանում գտնվելու ընթացքում, նշել է մեր որոշումը՝ այսպես կոչված «եվրաեռյակի» ներկայացուցիչներին Մոսկվա հրավիրելու վերաբերյալ։ Մոտակա իրադարձություններից դա է, որ այժմ քննարկվում է, գտնվում է մշակման փուլում», – լրագրողներին ասել է Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հետ կապված ըմբռնում ՌԴ–ն չունի:

«Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափին այն տեսքով, որում իրականացվել է, այդ թվում՝ Աբու Դաբիում վերջերս կայացած հանդիպմանը, համապատասխան պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ չկա», – ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի նախապատրաստական աշխատանքներ տարվում են, թե ոչ։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության թեման հանդիպման կենտրոնական թեման է դարձել։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մեծածավալ փոխանակման մասին, որի կոնկրետ պայմանները կհայտարարվեն առաջիկայում։

Leave a comment