Եմենի հութիները հայտարարել են, որ հինգշաբթի իրականացրել են 4 ռազմական գործողություն՝ հարվածելով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ֆինանսական կենտրոնին, նավթաքիմիական ընկերությանը, ռազմաօդային բազային և օդանավակայանին։
«Առաջին գործողությունը թիրախավորել է Էր Ռիադի ֆինանսական թաղամասը։ Երկրորդ գործողությունն ուղղված է եղել Ջուբայլ քաղաքում SADAF նավթաքիմիական ընկերության դեմ։ Երրորդ ռազմական գործողության ընթացքում հարված է հասցվել Խամիս Մուշայիտ քաղաքի ռազմաօդային բազային՝ պատճառելով զգալի վնասներ։ Չորրորդ գործողությունը թիրախավորել է Էր Ռիադում Քինգ Խալիդի անվան միջազգային օդանավակայանը»,- X սոցիալական հարթակում գրել է «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման խոսնակ Յահյա Սարին։
Սարին ընդգծել է, որ շարժման ուժերը ենթակառուցվածքներին հասցրել են «ճշգրիտ և ուղիղ հարվածներ», և որ դրա հետևանքով օբյեկտները լուրջ վնասներ են կրել։
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական ուժերին՝ հութիների դեմ պայքարում, այդ թվում՝ ավիահարվածներ հասցնելով հութիների դիրքերին։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ»-ը ռազմական գործողություններ է իրականացնում՝ թիրախավորելով թագավորության ենթակառուցվածքները։