Վրաստանում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։
Սահմանափակումը գործում է ավտոճանապարհի 93-107-րդ կիլոմետրերի հատվածում՝ եղանակային անբարենպաստ պայմանների և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով։
Նշված ճանապարհը Վրաստանը Ռուսաստանի հետ կապող հիմնական տրանսպորտային ուղիներից է և կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների համար։
Վրացական ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած տեղեկության համաձայն՝ սահմանափակումը վերաբերում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցներին։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է։
Սահմանափակման վերացման ժամկետի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվել։