Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան

Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան։

Ինչպես բազմիցս պարզաբանել ենք, հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել, որ անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։

Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։

Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում:

Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների հետ կապված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում էին։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝ ISO 3166 ստանդարտն ապահովելու և սահմանային կետերում խնդիրները բացառելու նպատակով:

 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment