Աջափնյակ1 նստավայրում ավարտվեց Փարաքար համայնքի նախին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական հերթական նիստը: Ավելի վաղ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը դատարանում հրաժարվել էր իր նախնական ինքնախոստովանական ցուցմունքից՝ հայտարարելով, որ կապ չունի սպանության հետ, և մեղքն իր վրա է վերցրել իրավապահների սպառնալիքների և ճնշումների ներքո։ «Բոլորը նայում եւ հասկանում են, որ այստեղ ամեն ինչ սուտ է, թատրոնի նման բան են սարքել»,- ասաց Վալոդյա Գրիգորյանի հորեղբայրը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Ինչ վերաբերում է գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանին, նրա մասին էլ ասաց. «Ինքն էլ է հետները մասնակից, իրար հետ համագործակցել են»:
Սպանված համայնքապետի հորեղբայրը հայտարարեց, որ պատվիրատուների թվում է նաեւ Մհեր Ախտոյանը, որը սպանությունից 10 օր առաջ լքել էր Հայաստանը, եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։
Լրագրողի հարցին՝ իր կարծիքով ինչու դատարան չի գալիս սպանության օրը Վալոդյա Գրիգորյանի հետ եղած Արծրուն Գալստյանը, որը վիրավորներից մեկն էր, Վալոդյա Գրիգորյանի հորեղբայրը այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչու չի գալիս, ասում է՝ բան չունեմ ասելու, ես այնտեղ որեւէ մեկին չեմ ճանաչել, որ գամ ինչ-որ բաներ ասեմ»:
Լրագրողի հարցին՝ եթե նախաքննական մարմինն օբյեկտիվ եւ ամբողջական քննություն իրականացներ, արդյոք Ախտոյան ընտանիքի վրա դուրս կգար, Վալոդյա Գրիգորյանի հորեղբայրը դրական պատասխան տվեց. «Անպայման… Իրենք քննությունը լավ չեն արել, կիսատ-պռատ են արել գործը»:
Գործով դատախազ Արմեն Շահբազյանը եւս որոշ մեկնաբանություններ տվեց լրագրողներին: Հարցին՝ որքանով է հիմնավոր Գեւորգ Հարությունյանի այն պնդումը, որ Վարդան Վարդանյանն իրեն ստիպել է, որ ընդունի մեղքը, պատասխանեց, որ դա կերեւա քրեական վարույթի շրջանակներում:
Մանրամասն՝ տեսանյութում.
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: