«Ոչինչ չունենք ռուսական երկաթուղիների և Ռուսաստանի դեմ, բայց մենք չենք ուզում լինել երկաթուղային մեկուսացման մեջ և չենք ուզում կորցնել տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում երկաթուղու կոնցեսիոն իրավունքի մասին հարցերին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին՝ ինչո՞ւ չհաջողվեց իրեն՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնաց, հասնել նրան, որ հայ-թուրքական հաղորդակցության կամուրջը բացվի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Լավ լուրն այն է, որ Մարգարա-Ալիջան անցակետերը երկու կողմերից վերականգնվել են և պատրաստ են գործարկման, թուրքական կողմը սկսել է Կարս-Գյումրի երկաթգծի վերանորոգումը մինչև մեր սահման։ Ես կարծում եմ՝ ոչ մի խոչընդոտ չկա օր առաջ ունենալ Հայաստան-Թուրքիա բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք, մնացածը Թուրքիայի դաշտում է։ ԱԳ նախարարությունները շարունակում են քննարկումները»։
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իրատեսական է։ Հարցը ժամանակավրեպ է այն իմաստով, որ ոչ միայն մենք չենք տեսնում որևէ խոչընդոտ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն հենց հիմա, այլ մենք չենք տեսնում որևէ խոչընդոտ հայ-ադրբեջանական հարաբերութունների կարգավորմանը, ինչն անխուսափելի է։ Արդեն երկու տարի 6 ամիս մեր սահմանին զրո զոհ է եղել, սա ՀՀ պատմության մեջ ամենաերկար շրջանն է առանց որևէ զոհի հակառակորդի գործողությունների արդյունքում։ Ադրբեջանական ապրանքներ են ներկրվել ՀՀ և հայկական ապրանքներ՝ Ադրբեջան։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվել է ապրանք երկաթգծով՝ առաջին անգամ 1993-ից սկսած»։
Հարցին՝ եթե փոխեցինք Սահմանադրությունը, ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանն այլ պահանջներ չի ներկայացնի, Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց․ «Մենք բազմիցս ասել ենք, որ նոր սահմանադրության ընդունումը որևէ կապ չունի մեր բանակցային գործընթացի հետ կամ արտաքին օրակարգերի հետ։ Համենայն դեպս, չի բխում դրանցից։ 2020-ի փետրվարին է դրա մասին խոսել Նիկոլ Փաշինյանը»։
Հարցին՝ նոր Սահմանադրության ընդունումն իշխանության համար կարևո՞ր է նաև նրա համար, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր և հարցին՝ եթե հանրաքվեով չանցնի Սահմանադրությունը, ի՞նչ իրողություն կստեղծվի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Մենք ուզել ենք պատերազմից առաջ էլ, հիմա էլ ուզում ենք ընդունել նոր սահմանադրություն։ Մենք համարում ենք, որ ՀՀ-ում անցկացված բոլոր հանրաքվեները կեղծված են, առնվազն էդ առումով մենք ուզում ենք նոր սահմանադրություն ընդունել, և բացի դրանից ՀՀ սահմանադրության մեջ կան փոփոխություններ, որոնք դրական կլինեն ՀՀ ժողովրդավարացման հետագա ընթացքի տեսանկյունից։ Բացի դրանից Ադրբեջանն ասում է, որ ինքը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ ՀՀ-ում նոր սահմանադրություն չի ընդունվել։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Համարում ենք, որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, և հենց այսօր էլ պատրաստ ենք այն ստորագրել։ Մեր ընդդիմադիր գործընկերները փոխկապակցում են այս երկու հարցերը՝ ասում են տեսեք՝ ադրբեջանական կողմն ասում է՝ քանի դեռ չի ընդունվել նոր սահմանադրություն, չեն ստորագրելու խաղաղության պայմանագիր և ասում են՝ արդյոք կա՞ երաշխիք, որ Ադրբեջանը նոր պայման չի բերի։ Մենք ասել ենք՝ որպես ընդդիմություն՝ նոր հարց եք բերում օրակարգ, ձեր հարցերը լեգիտիմ են, մենք կփորձենք ստանալ այդ հարցերի պատասխանները և կփորձենք ձեզ առաջարկ, լրացուցիչ երաշխիքներ ներկայացնել։ Հիմա այս գործընթացի մեջ ենք»։
Հարցին՝ եթե հանրաքվեով չընդունվի նոր սահմանադրությունը, դա կվտանգի՞ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Չեմ կարծում՝ պետք է քննարկենք՝ ինչ կլինի, որ այն չընդունվի, այլ պետք է քննարկենք՝ ինչ կլինի, եթե ընդունվի․ կունենանք նոր սահմանադրություն, կստորագրվի խաղաղության պայմանագիր»։
Փաստմանը՝ քաղբանտարկյալները հիմա բանտում մահանում են, և հարցին՝ արդյոք իշխանությունը պատասխանատվություն չունի՞ այս մասով, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։ Քաղբանտարկյալն այն անձն է, որը կալանավորվում է իր քաղաքական գործունեության կամ արտահայտած քաղաքական մտքերի համար։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում եղել են բազմաթիվ քաղբանտարկյալներ, որ Նոր տարվա գիշերն Ազատության հրապարակում տոնածառ դնելու համար կալանավորվել են, մարտի 1-ից հետո բազմաթիվ մարդիկ են կալանավորվել, որոնք ոչ մի կապ չեն ունեցել ոչնչի հետ։ Քաղբանտարկյալ չէ կոռուպցիոները, եթե թալանել է և կալանավորվել դրա համար, դա քաղբանտարկյալություն չէ, այլ բանտարկյալություն։ Կալանավորված կոռուպցիոները քաղբանտարկյալ չէ, ընտրակաշառք տալը հանցանք է, և դրա մեղադրանքով կալանավորված անձը քաղբանտարկյալ չէ։ Ինչ վերաբերվում է «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվանը, ցավալի դեպք է․ երիտասարդ մարդ է մահացել։ Պետք է ցավեմ, որ մարդու մահը մեր գործընկերները դարձնում են շահարկումների առարկա։ Եթե լիակատար սրիկայության և բռնապետության կանխավարկածով գնանք, ինչո՞ւ պետք է ձեռք տար իշխանությանը նրա մահը։ Չի կարող լինել որևէ պատճառ․ ընտրություններն անցել էին, «Ուժեղ Հայաստանի» գործընկերները պարտվել էին։ Մեր օրենսդրությունը սահմանում է խափանման միջոց․ մարդը երբ կալանավորվում է, դա դեռ չի նշանակում, որ ինքը դատապարտվում է կամ մեղքն ապացուցված է։ Վերջին շրջանում տարբեր քաղաքական գործիչներ են մահացել առողջական խնդիրների բերումով, ցավոք՝ ոչ այդքան մեծ տարիքի մարդիկ են սրտի կանգ ունենում՝ այդ թվում մեր խմբակցությունից է եղել երիտասարդ մարդ՝ 36 -37 տարեկան, որ լրիվ առողջ սրտի կանգ ունեցավ։ Ցավոք, այդպիսի բաներ լինում են, բայց պետք չէ քաղաքականացնել»։
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: