Միրզոյանը՝ Կոսի հետ հանդիպման մասին․ «Վերահաստատեցինք. համեղ ծիրանները հայկական են»

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ֆեյսբուքյան իր էջում:

«Ջերմ հանդիպում իմ գործըներ և Հայաստանի լավ բարեկամ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:

Վերահաստատեցինք. համեղ ծիրանները հայկական են»,-գրել է նա:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Բրյուսելում:

Ըստ ԱԳՄԱ նախարարության՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման և համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր գործոն:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ձմռանն ընդառաջ էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։ Այդ մասին Կոսը հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

Leave a comment