Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակել է Երևանի պետական համալսարանի կրթաթոշակառու ուսանողների հետ հանդիպումների ավանդույթը։ Այս տարի հանդիպման հյուրն էր Բանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման վարչության ղեկավար Վիկտորյա Քոչարյանը։

Հանդիպմանը մասնակցել են նախորդ և այս տարի Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողները, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

 

Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բանկային ոլորտում ռիսկերի կառավարման առանձնահատկություններին, քննարկելու ոլորտում կարիերայի հնարավորություններն ու մասնագիտական զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Բանկի ներկայացուցչին։

Բանկի ռիսկերի կառավարման վարչության ղեկավար Վիկտորյա Քոչարյանը նշեց, որ ուսանողների մոտ տարեցտարի նկատելի է հետաքրքիր փոփոխություն․ նրանք ավելի հստակ են պատկերացնում իրենց նպատակներն ու մասնագիտական ապագան։

«Ուրախալի է տեսնել, թե ինչպես են ուսանողները նպատակային հարցեր բարձրացնում և ակտիվորեն հետաքրքրվում ոլորտի զարգացումներով։ Մեզ համար կարևոր է կիսվել մեր փորձով, ներկայացնել բանկային ոլորտի իրական հնարավորությունները և օգնել երիտասարդներին ավելի վստահ կողմնորոշվելու մասնագիտական ճանապարհի ընտրության հարցում։ Վստահ եմ, որ նման հանդիպումները կարևոր կամուրջ են կրթության և աշխատաշուկայի միջև»,- նշեց Բանկի ռիսկերի կառավարման վարչության ղեկավարը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձր գնահատեց Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ձևավորված շարունակական գործընկերությունը՝ ընդգծելով, որ համալսարանի և գործարար հատվածի արդյունավետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական աջակցությամբ։

«Մեզ համար կարևոր է, որ ուսանողները ոչ միայն ստանան որակյալ կրթություն, այլև դեռ ուսումնառության ընթացքում հնարավորություն ունենան հաղորդակցվելու ոլորտի մասնագետների հետ, ճանաչելու մասնագիտական միջավայրն ու հստակեցնելու իրենց կարիերայի նպատակները։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը հենց այդպիսի օրինակ է․ այն համադրում է ուսանողների առաջադիմության խրախուսումը և նրանց մասնագիտական զարգացման նոր հնարավորությունների ստեղծումը»,- նշեց ռեկտորը։

Բիբլոս Բանկ Արմենիայի և Երևանի պետական համալսարանի միջև կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի շրջանակում մինչ օրս անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 30 ուսանողի։

Բանկը շարունակելու է աջակցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ խրախուսելով նրանց կրթական և մասնագիտական զարգացումը։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առանցքային ԿՊՍ ուղղությունն է։ Բանկը ոչ միայն տրամադրում է կրթաթոշակներ, այլև ֆինանսավորում է տարբեր կրթական նախագծեր և հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a comment