Սա բացառիկ դեպք է։ Տեսե՞լ եք գործ, որում չկա վկա և տուժող. Չալաբյանը՝ իրեն վերաբերող քրեական գործի մասին

«Այս գործում որևէ ապացույց գոյություն չունի։ Նույնիսկ զարմանում եմ՝ ինչո՞ւ է մեղադրանքի կողմը շարունակում այս գործը, երբ այն պետք է կարճել ապացույցների իսպառ բացակայության պատճառով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննությանը։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։

Գործը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի սրճարաններից մեկում օտարերկրյա պետության ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի և երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննչական մարմնի պնդմամբ՝ Չալաբյանը դրդել է օտարերկրյա պաշտոնյաներին օգտագործել իրենց ծառայողական և իշխանական լիազորություններն ու ազդեցությունը՝ տվյալ երկրում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով։ Նպատակն է եղել ստիպել այդ կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Չալաբյանի խոսքով՝ իրեն վերաբերող գործում հիմնական ապացույցը, ըստ քննչական մարմնի, ձայնագրությունն է, սակայն դրանում որևէ հանցակազմի առկայություն չի երևում։

«Խոսակցություն է տեղի ունենում, որը չի հանգեցնում որևէ պայմանավորվածության կամ որևէ գործողության»,- ասաց նա։

Չալաբյանը նկատեց, որ հրապարակված ձայնագրությունը 40 րոպեանոց զրույցից կտրված 4 րոպեանոց հատված է, որով քննչական մարմինը փորձել է տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան է կատարվում։

«Նույնիսկ այդ ծաղկաքաղը ոչ մի բանի տպավորություն չի ստեղծում։ Եթե համեմատեք՝ ինչ է մեղադրանքում և ինչ կա այդ խոսակցության մեջ, սար ու ձորի տարբերություն է»,- նշեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք իրեն վերագրվող գործի շրջանակում հարցաքննվել են այն օտարերկրյա պաշտոնյաները, որոնց հետ նա հանդիպել էր, և որոնց հետ զրույցը դրվել է մեղադրանքի հիմքում։

Ի պատասխան՝ Չալաբյանն ասաց. «Բայց դատելով նրանից, որ իմ գործի մեջ վկայություն չկա, կարող եմ ենթադրել, որ չեն հարցաքննվել։ Այսօր բոլոր ապացույցներն ուսումնասիրվել են, այդ ապացույցների մեջ որևէ վկայություն չկա։ Սա բացառիկ դեպք է։ Տեսե՞լ եք գործ, որում չկա վկա և տուժող»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment