Աշխատանքի ու բարեկեցության նախարարը մի օր հայտարարեց, թե «թաղման նպաստը» հանելու են, կենսաթոշակն էլ 1000 դրամով բարձրացնեն: Արսեն Թորոսյանը դա ասում էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Փաշինյանի, նախարարների ու մյուս բարձրաստիճանավորների աշխատավարձերը կտրուկ՝ գրեթե կրկնակի բարձրացնել: Չնկարագրենք հանրության մեծամասնության արձագանքը, որի զգալի մասը մեջբերելի չէ…
Դրանից հետո նույն Արսեն Թորոսյանը հայտնում է, թե հանրային արձագանքներից և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներից հետո որոշվել է թաղման նպաստի շահառուների շրջանակը վերանայելու նախաձեռնությունն առաջ չտանել։
Այստեղ արդեն ասպարեզ է մտնում փաշինյանական կառավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ու նրա խոսքերից պարզվում է, որ, ռուսական մի ասացվածքի նմանությամբ, «ֆինանսները ռոմանսներ են երգում»: Կարճ ասած՝ փող չկա: Նախարարը բառացի ասում է. «Հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողն ուղղելու ենք թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ մտահոգություններ հնչեցին, և աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չէ ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական եմ գտնում», – ճեպազրույցում հայտարարել էր Վահե Հովհաննիսյանը:
Ի դեպ, ֆինանսների նախարարի մոտեցումը շատ փաշինյանական է: Առանց սարկազմի: Նույն տեխնիկան է. թոշակ չբարձրացնելու հարցը ամեն կերպ գցում է հասարակության գրպանը, թե՝ այ, որ աղմկեցիք թաղման նպաստի պահով, թոշակ էլ չենք բարձրացնի, որովհետև հավել յալ ուրիշ փողի աղբյուր չունենք, կարճ՝ ՓՈՂ ՉԿԱ:
Բայց մի րոպե…
Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող չկա»: Բա Փաշինյանը մեծ-մեծ հայտարարում էր, թե՝ «փողի խնդիր չունենք…»: Ի՞նչ եղան այդ փողերը: Ո՞ր ցուցադրական համերգի կամ հրավառության տակ մնացին:
Իշխանական քարոզչությունն օրը 24 ժամ հենց միայն այն է ասում, թե Հայաստանի տնտեսությունը մի այլ կարգի աճում է: Ավելին, էկոնոմիկայի նախարարն անձամբ է հավաստիացնում, որ եթե ալամ-աշխարհի տնտեսությունը հազիվ 3 տոկոսով է աճել, ապա Հայաստանինը (բռնվեք) աճել է 7 տոկոսով…
Լավ, բա որ տնտեսությունը կատաղած աճում է, ապա կենսաթոշակը ընդամենը 1000 դրամով բարձրացնելու փող ինչո՞ւ չունեք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: