Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է MITRE կազմակերպություն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ամերիկյան առաջատար գիտահետազոտական ու տեխնոլոգիական կառույցների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քննարկել ենք Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի ամրապնդումը՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության և առաջադեմ տեխնոլոգիաների ուղղություններով։
Անդրադարձ է եղել միջազգային փորձի ներգրավմանը և պետական, գիտահետազոտական, համալսարանական ու մասնավոր հատվածների կարողությունների համադրմանը։
Որպես հաջորդ քայլ՝ դիտարկվել է Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների ներուժի գնահատումը, առաջնահերթությունների սահմանումը և փորձնական նախաձեռնությունների իրականացումը։
Մեր նպատակն է ընդլայնել Հայաստանի հետազոտական և ինժեներական կարողություններն ու խթանել դրանց կիրառական նշանակությունը։