UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտնել է, որ տեղեկություն է ստացել, ըստ որի՝ ռուս մարզիկ Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել կալանքից՝ Աբու Դաբիում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո։
«Լսել եմ, որ նա այսօր ազատ է արձակվել։ Խոսել եմ մեկի հետ, ով ինձ նույն բանն ասաց, թեև ես այդ մասին որևէ լուր չեմ տեսել։ Ինչպես դուք նշեցիք, ես նույնպես լուսանկար տեսա, որտեղ երևում է, որ նա [Խաբիբ Նուրմագոմեդովը] Դուբայում է։ Հուսով եմ՝ նա կկարողանա օգնել նրանց։ Ուրախ կլինեմ, եթե նրանք ազատ արձակվեն», – ասել է Դվալիշվիլին լրագրող Արիել Հելվանիի յություբյան ալիքին տված հարցազրույցում։
Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ Ուսման Նուրմագոմեդովի, Դվալիշվիլիի և նրանց ուղեկցող անձանց մասնակցությամբ։ Վրացի մարզիկը մեղադրել էր ռուս մարզիկին ու նրա շրջապատին հարձակումը հրահրելու մեջ։ Միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել էր տասը հոգու, որոնց թվում, ըստ տեղեկությունների, եղել է նաև Ումար Նուրմագոմեդովը։
Նոյեմբերի 13-ին հաղորդվել էր, որ միջադեպի մասնակիցներից ութը դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման և տուգանվել։ Դվալիշվիլին և նրա ընկերը՝ ըմբիշ Սաբա Լազիշվիլին, ազատ էին արձակվել կալանքից, սակայն նույնպես տուգանվել էին։ Ավելի վաղ Դվալիշվիլին դիմել էր ԱՄԷ-ի իշխանություններին՝ խնդրելով ազատ արձակել ձերբակալվածներին։