Նախագահը մեզ դուրս կբերի այս իրավիճակից՝ ապահովելով գերազանց արդյունք․ Վենսը՝ Իրանի մասին

Իրանի հետ պատերազմը Վաշինգտոնի համար չի վերածվի հերթական ձգձգվող հակամարտության. ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տա, որ այս առճակատումը տևի երկու տարի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք ամերիկյան ժողովրդին խոստացել էինք, որ այլևս չենք ներքաշվելու անվերջ պատերազմների մեջ։ Այո, նախագահը [Դոնալդ Թրամփը] անհրաժեշտ համարեց կասեցնել [Թեհրանի] միջուկային ծրագիրը, և այո, Իրանի միջուկային ծրագիրն իսկապես սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Սակայն մենք թույլ չենք տա, որ այս [Իրանի հետ հակամարտությունը] վերածվի 10 կամ 15 տարի տևողությամբ պարտավորության, կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարի տևողությամբ»,- ասել է Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։

«Մենք այնտեղ հավերժ չենք մնալու։ Մենք խոստացել էինք, որ դա չենք անի։ Եվ ես լիովին վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի այս իրավիճակից՝ ապահովելով գերազանց արդյունք»,- հավելել է Վենսը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսել էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով երկրին համաձայնագրի պայմանները խախտելու մեջ, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի հետ կապված։

Աշխարհի նավթային առևտրի մոտ 25%-ը և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մոտ 20%-ը փոխադրվում են հենց այդ նեղուցով։ Դրանից հետո ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման ավարտը՝ փոխարենը կենտրոնանալով երկիրը պատժամիջոցների միջոցով տնտեսապես խեղդելու փորձերի վրա։

Leave a comment