ՌԴ իշխանությունները չպետք է խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ, որոնք պատմական հնարավորություն են ստացել հաղթահարելու պատերազմների և բռնությունների ժամանակաշրջանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը՝ նոյեմբերի 17-ին Բաքու և Երևան մեկնելիս, գրում է DW-ն։
Սա նրա առաջին այցն է Հարավային Կովկասի երկրներ պաշտոնը ստանձնելուց ի վեր։
«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ մարդկանց և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը»,- ասել է Վադեֆուլը։
Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայից հնչող ավելի ու ավելի բացահայտ սպառնալիքները»։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը «հստակ ցույց է տալիս, որ նախագահ Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը»։
Վադեֆուլի խոսքով՝ տարածաշրջանն այժմ ապրում է «շրջադարձային պահ» և ունի «պատմական հնարավորություն՝ վերջնականապես հաղթահարելու պատերազմների, բռնությունների և տեղահանությունների տասնամյակները»։
«Այն, ինչ երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, տեսանելի ապագայում դարձել է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս հնարավորությունից պետք է օգտվել»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դրսևորած «խիզախությունն ու պատասխանատվությունը»։ Վադեֆուլը հիշեցրել է, որ 2025 թվականին նրանք նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։
«Այժմ գլխավորը վստահորեն առաջ շարժվելն է»,- ասել է գերմանացի պաշտոնյան՝ հավելելով, որ Բեռլինը «պատրաստ է այս գործընթացում լինել Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկերն ու բարեկամը»։
Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն «աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին»։ Գերմանիայի ԱԳ նախարարը համոզված է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի