Սխտորով օծելուց մինչև «նիստից թռնելու» մշակույթ․ ինչ է կատարվում ԱԺ-ում (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը երեքշաբթի Ազգային ժողովի նիստում անդրադարձել է նախօրեին խորհրդարանական լսումների ժամանակ հնչած՝ ԱԺ ամբիոնն ու նիստերի դահլիճը «սխտորով օծելու» առաջարկին։

Նոյեմբերի 16-ին երկրում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և իրավական երաշխիքների վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման շրջանակում կազմակերպված լսումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը հայտարարել էր, որ ամբիոնն ու նիստերի դահլիճն անհրաժեշտ է «սխտորով օծել»։

Հակոբյանը հետաքրքրվել է՝ արդյոք ընդդիմությունն «օծման» այդ եղանակը սովորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից՝ նրան հիշատակելով աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան։

Կաթողիկոսի աշխարհիկ անվան հիշատակումից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թվարկել է կաթողիկոսի հասցեին հնչած քննադատական բնութագրումները՝ նրան անվանելով, մասնավորապես, «КГБ գործակալի եղբայր, կուսակրոնության ուխտը խախտած անձ, կոռուպցիոներների և օտարերկրյա ուժերի պաշտպան»։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսել են հարվածել սեղաններին։

Հակոբյանը նշել է, որ ընդդիմությունը վրդովվում է կաթողիկոսի աշխարհիկ անվան գործածումից, սակայն չի արձագանքում նրա հասցեին հնչող՝ կուսակրոնության ուխտը խախտելու և քաղաքականությանը միջամտելու մեղադրանքներին։

Բացի այդ, պատգամավորը ընդդիմադիր գործընկերներին մեղադրել է իրենց գործընկեր Արսեն Գևորգյանի (ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ — խմբ.) մահը քաղաքական նպատակներով շահարկելու մեջ՝ նրա մահը որակելով որպես «քաղաքական մանրադրամ»։ Գևորգյանի անունը հիշատակելուց հետո ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։


Leave a comment