Իրանի հետ պատերազմը Վաշինգտոնի համար չի վերածվի հերթական ձգձգվող հակամարտության. ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տա, որ այս առճակատումը տևի երկու տարի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք ամերիկյան ժողովրդին խոստացել էինք, որ այլևս չենք ներքաշվելու անվերջ պատերազմների մեջ։ Այո, նախագահը [Դոնալդ Թրամփը] անհրաժեշտ համարեց կասեցնել [Թեհրանի] միջուկային ծրագիրը, և այո, Իրանի միջուկային ծրագիրն իսկապես սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Սակայն մենք թույլ չենք տա, որ այս [Իրանի հետ հակամարտությունը] վերածվի 10 կամ 15 տարի տևողությամբ պարտավորության, կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարի տևողությամբ»,- ասել է Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Մենք այնտեղ հավերժ չենք մնալու։ Մենք խոստացել էինք, որ դա չենք անի։ Եվ ես լիովին վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի այս իրավիճակից՝ ապահովելով գերազանց արդյունք»,- հավելել է Վենսը։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսել էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով երկրին համաձայնագրի պայմանները խախտելու մեջ, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի հետ կապված։
Աշխարհի նավթային առևտրի մոտ 25%-ը և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մոտ 20%-ը փոխադրվում են հենց այդ նեղուցով։ Դրանից հետո ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման ավարտը՝ փոխարենը կենտրոնանալով երկիրը պատժամիջոցների միջոցով տնտեսապես խեղդելու փորձերի վրա։