Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 16 755 000ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպի համար։
«Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Մասնավորապես՝ նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը համապատասխանաբար կազմել է 2% և 1.2% այն դեպքում, երբ կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։
Ընկերությունը ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները»,-նշված է հաղորդագրության մեջ։