ԵՐԵՎԱՆ, «ԱՐՄԵՆՊՐԵՍ»։ 2021 թվականի սկզբից մինչև 2026 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանում բնակարանների պահպանման և վերանորոգման ծառայությունների գներն աճել են 23 %-ով, իսկ համապատասխան շինարարական ու հարդարման նյութերը թանկացել են 10,1 %-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Turn.am ծառայությունների որոնման հարթակի իրականացրած հետազոտության տվյալները, որոնցում համադրվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի (Արմստատ) պաշտոնական ցուցանիշները, 2021 թ․ պատմական գնացուցակներն ու 2026 թ․ ընթացիկ առաջարկները։
Գնաճի դինամիկան և պիկային ցուցանիշները
Պաշտոնական վիճակագրության համադրությունը ցույց է տալիս, որ դիտարկվող ժամանակահատվածում ծառայությունների գներն աճել են ամեն տարի։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 2022 թվականին, երբ ծառայությունների սակագները թանկացել են 9,2 %-ով, իսկ նյութերը՝ 8 %-ով։
Հատկանշական է, որ 2023 և 2024 թվականներին շինանյութերի գներում արձանագրվել է որոշակի նվազում (համապատասխանաբար 1,1 % և 2,4 %-ով), սակայն վերանորոգման աշխատուժի ծառայությունները շարունակել են թանկանալ (նշված երկու տարիներին միասին՝ շուրջ 7,1 %-ով)։
Առանձին աշխատանքների սակագների փոփոխությունը
Հետազոտության մեջ առանձնացված աշխատանքների համեմատությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասի գնային միջակայքերը տեղափոխվել են դեպի վեր․
- Սալիկապատում․ 1 մ²-ի աշխատանքի արժեքը 2021 թ․ 3,000–5,000 դրամից բարձրացել է՝ հասնելով 5,000–15,000 դրամի։
- Լամինատի տեղադրում․ Մեկնարկային սակագինը 800–1,500 դրամ/մ²-ից հասել է 2,000 դրամի և ավելի (աճը՝ առնվազն 33 %)։
- Պաստառապատում․ 1,000–2,000 դրամ/մ²-ից դարձել է 2,000–2,500 դրամ/մ²։
- Ինժեներական ցանցեր․ Էլեկտրամոնտաժային աշխատանքների 1 կետի արժեքը 2,500 դրամից բարձրացել է մինչև 3,000–5,000 դրամ (20–100 % աճ), իսկ ջրագծի մոնտաժումը՝ 4,000 դրամ/կետից հասել է 7,000 դրամի (75 % աճ)։
- Գիպսակարտոնային աշխատանքներ․ Սա միակ դիտարկված ուղղությունն է, որի ընթացիկ գները (3,000–3,500 դրամ/մ²) մնացել են 2021 թվականի գնային միջակայքի (2,500–4,000 դրամ/մ²) ներսում։
Բյուջեների պլանավորումը 2026 թվականին
Turn.am-ի վերլուծությամբ՝ 2026 թվականին շուկայում համալիր (միայն աշխատուժի) աշխատանքների մեկնարկային սակագները կազմում են 40,000–55,000 դրամ/մ²։ Իսկ նյութերով ամբողջական վերանորոգման առաջարկները սկսվում են 70,000 դրամ/մ²-ից։
Համեմատության համար նշվում է, որ 2021 թվականին նյութերը ներառող «տնտեսող/կոսմետիկ» փաթեթները գնահատվում էին 45,000–65,000 դրամ/մ²։ Արդյունքում՝ 60 մ² մակերեսով բնակարանի ամբողջական վերանորոգման նվազագույն բյուջեն 2021 թ․ 2,7–3,9 մլն դրամից 2026-ին հասել է առնվազն 4,2 մլն դրամի։
Turn.am-ի մասին
Turn.am-ը Հայաստանում կենցաղային, շինարարական, տեխնիկական և մասնագիտական ծառայությունների որոնման ու պատվիրման հարթակ է։ Համակարգը միավորում է անհատ մասնագետներին ու մասնագիտացված ընկերություններին՝ ապահովելով ծառայությունների թափանցիկ գնագոյացում և շուկայական վերլուծություններ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: