«Դեռ համայնքի ղեկավար չէր ընտրվել, նույնիսկ նման խոսակցություն չկար, որ ինքը կարող է թեկնածու դառնալ, բայց խոստացավ ու խոստումը կատարեց»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեցին Մեղրի համայնքի Նռաձոր գյուղի բնակիչները։
Մոտ երեք ամիս առաջ, երբ գործարար Սերգո Գալստյանը Նռնաձորում էր, բնակիչները նրան տեղեկացրին, որ գյուղում բարեկարգ խաղահրապարակ կա, բայց ոչ մի խաղասարք չկա երեխաների զբաղվելու համար։ Սերգո Գալստյանը խոստացավ աջակցել այդ հարցում ու պատվիրեց այդ խաղասարքերը։
Խաղասարքերը տեղ հասան այն ժամանակ, երբ Սերգո Գալստյանն արդեն գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը՝ Մեղրի համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում։ Այդ պատճառով խաղասարքերի տեղադրումը հետաձգտվեց որոշ ժամանակով, եւ միայն հոկտեմբերի 26-ին՝ ընտրություններից հետո, նա ընկերների հետ գնաց Նռնաձոր, անձամբ մասնակցեց ու հետեւեց սարքերի տեղադրման աշխատանքներին։
«Ես չեմ սիրում կատարած գործերի մասին խոսել, միշտ օգտակար եմ եղել իմ համայնքին ու մարդկանց։ Ուրախ եմ ու հպարտ, որ փոքրիկ նռնաձորցիներն այսօր օգտվում են խաղասարքերից»,-ասաց Սերգո Գալստյանը։
Ի դեպ, նոյեմբերի 14-ին, նռնաձորցիները նշում էին իրենց բնակավայրի տոնը։ Համայնքի ղեկավարի խոսքով, Նռնաձորը չպետք է դիտարկվի որպես համայնքի հեռավոր բնակավայր. «Օգտվելով առիթից շնորհավորում եմ նռնաձորցիներին։ Նռնաձորը մեր ընդհանուր տան անբաժան մասն է, եւ բնակավայրի խնդիրներն ու զարգացման հեռանկարները մեր ընդհանուր պատասխանատվության շրջանակում են»,-մեզ հետ զրույցում նշեց Մեղրի համայնքի նորընտիր ղեկավար Սերգո Գալստյանը։
Սահմանամերձ Նռնաձորի դպրոց այսօր 12 երեխա է հաճախում։ 0-ից մինչեւ 7 տարեկան երեխաների թիվը 21 է, 3-ից 6 տարեկաններինը՝ 11։ Նռնաձորցիները հավաստիացնում են՝ Նռնաձորը երիտասարդ գյուղ է, եթե ենթակառուցվածքները զարգանան, չի բացառվում, որ ավելի շատ ընտանիքներ այստեղ կապրեն։
ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ին կայացած նիստում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ, շուտով Նռնաձորի մանկապարտեզը կբացի իր դռները։ Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով։ Ըստ նախարարի՝ գյուղի պատմության ընթացքում սա առաջին մանկապարտեզն է։ «Շինարարության ընթացքում մենք շինարար փոխելու անհրաժեշտություն ունեցանք, նոր մրցութային ընթացակարգ, եւ այսօր պետությունը Նռնաձորի մանկապարտեզի համար պետական մասնաբաժինը ամբողջությամբ կվճարի»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։ Վերջինիս նաեւ նշեց, որ Մեղրիում նոր ավագանի է ձեւավորվել ու ավագանու որոշմամբ մանկապարտեզը ՀՈԱԿ-ի կարգավիճակ կստանա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 15 մանդատներից 11-ը բաժին է ընկել «Քաղաքացիական պայմանագրին», 3-ը՝ «Ապրելու երկրին», իսկ 1-ը՝ Եվրոպական կուսակցությանը։ Սերգո Գալստյանը օրենքի ուժով համարվեց համայնքի ընտրված ղեկավար եւ նոյեմբերի 13-ին՝ երդմամբ ստանձնեց լիազորությունները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: