Իրան-Հայաստան սահմանը կարող է դառնալ Իրանի համար կարևոր առևտրային միջանցք

Ըստ իրանական «Թասնիմ» (tasnimnews.ir) լրատվական գործակալության՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Ջաֆար Ղադերին, անդրադառնալով Իրան-Հայաստան սահմանի ռազմավարական նշանակությանը տարածաշրջանային զարգացումներում և տարանցիկ ուղիների զարգացման գործում, նշել է. «Տարածաշրջանում 12-օրյա, 40-օրյա պատերազմի և հաջորդած իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած զարգացումներն ու սահմանափակումները, ինչպես նաև Ամերիկայի տնտեսական շրջափակում կիրառելու ջանքերը ցույց տվեցին, որ Իրանը պետք է օգտագործի իր բոլոր աշխարհագրական հնարավորությունները իր արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային սահմաններում և չսահմանափակի իր տնտեսական և առևտրային գործունեությունը միայն իր հարավային սահմաններով»։

Նա հավելեց. «Իրանը, որը կախված է օտարերկրյա երկրներից՝ իր հումքի, մեքենաների և սարքավորումների մատակարարման համար, և միևնույն ժամանակ ձգտում է արտահանել արտադրված ապրանքներ, պետք է օգտագործի իր բոլոր հաղորդակցման և սահմանային հնարավորությունները»։

Ղադերիի կարծիքով՝ Հայաստանի սահմանը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու Իրանի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի երկրների հետ, և այս երթուղին կարող է հնարավորություն տալ իրանական ապրանքների արտահանումը հյուսիսային շուկաներ, ինչպես նաև ներմուծել երկրին անհրաժեշտ հումքը, մեքենաները և սարքավորումները։

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների պատմությանը և երկու երկրների միջև սոցիալական ու մշակութային կապերին՝ Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամը նշել է. «Երկու երկրների ժողովուրդների միջև պատմական փոխազդեցություններն ու կապերը, այդ թվում՝ հայ համայնքի ներկայությունը Իրանում և երկրի տարբեր նահանգներում, հարմար հիմք են հանդիսացել Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար»։

Անդրադառնալով երկրի հյուսիսային շրջանի և Արաքս գետի կարողություններին, Ղադերին ընդգծել է. «Արաքս գետի գոյությունը և դրա ջրային կարողությունների օգտագործման հնարավորությունը սահմանի երկու կողմերում համատեղ գործունեության համար, ինչպես նաև նոր հաղորդակցության կամուրջների ստեղծումը, կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ կապերի ընդլայնման համար»։

Նաև Արաքսի վրայով նոր կամրջի կառուցումը և նոր հաղորդակցության ուղիների ստեղծումը կբարձրացնեն երկրի արտահանման և ներմուծման միջանցքների թողունակությունը։

Անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման միտումին՝ նա նշել է. «Վերջին տարիներին Հայաստանը փորձել է վարել ավելի անկախ քաղաքականություն և ավելի քիչ սահմանափակումներ է դրել Իրանի հետ իր փոխագործակցությունների վրա, քան տարածաշրջանի որոշ երկրներ»։ Հետևաբար, այս գործոնների համադրությունը մեծացնում է առկա փոխըմբռնումները գործադիր պայմանագրերի վերածելու և երկու երկրների համատեղ հանձնաժողովների կարողություններից ավելի լուրջ օգտվելու անհրաժեշտությունը։

Տարածաշրջանի որոշ այլ երթուղիների համեմատ Հայաստանի հզորությունների սահմանափակ օգտագործման վերաբերյալ հարցին ի պատասխան պատգամավորը պատասխանեց. «Իրանի քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ պետք է հիմնված լինի հարաբերությունների պահպանման և ամրապնդման վրա, և նույնիսկ եթե մենք հանդիպենք սահմանափակումների կամ անպատշաճ վարքագծի որևէ երկրի հետ հարաբերություններում, մենք չպետք է կտրենք կամ նվազեցնենք մեր փոխհամագործակցությունները»։

 

Թարգմանեց Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment