Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Դատավորը սեփական նախաձեռնությամբ է ինքնաբացարկ հայտնել՝ նշելով, որ Արսեն Գևորգյանի մահվան փաստի վերաբերյալ տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում՝ պաշտպանի հայտարարություններում Գևորգյանի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ՝ այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը: Դատավորը նշել է, թե թեև գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն նշված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ:

Արամ Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

Leave a comment