«Այնքան ժամանակ, քանի դեռ մի հայ կա, Վանոյի անունը կհիշվի». գրչակիցները՝ Վանո Սիրադեղյանի մասին

Նոյեմբերի 13-ին՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը, Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Հիշատակի օր. Վանո Սիրադեղյան» խորագրով միջոցառումը:

Գրչակից ընկերներն ու մտավորականները վերհիշեցին Սիրադեղյանին թե՛ որպես արձակի նոր ոճ ձևավորած տաղանդավոր գրողի, թե՛ որպես սթափ և զգոն պետական գործչի:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով ուսանողական տարիներին և հետագա ընկերությանը, նշեց, որ Սիրադեղյանն իրենցից վեց տարով մեծ էր, սակայն մշտապես առանձնանում էր գրականության հանդեպ խորը հետաքրքրությամբ, նրբազգացությամբ ու սեփական գրական ձեռագիրը գտնելու ձգտումով.

«Ուսանողական տարիներին հրաշալի հոդվածներ էր գրում, հրատարակում «Ավանգարդ» թերթում՝ շատ լուրջ նկատառումներով, ապա նաև էսսեներ գրեց, որոնք տպագրվեցին «Գարուն» ամսագրում: Առաջին գրքից՝ «Կիրակի»-ից առաջ «Գարուն»-ում լույս տեսան նրա երկու պատմվածքները՝ «Թերեզի երջանկությունը» և «Հովհաննեսի ոսկե գալուստը», որոնցով Վանոյի անունը շատ լավ շրջանառվեց՝ որպես նոր, փայլատակող և հետաքրքիր երևույթ:

Նա մինչև գրելն ուսումնասիրել էր մեր մեծ արձակը՝ Րաֆֆուց սկսած մինչև մեր ժամանակները, մտածել էր՝ ի՞նչ պարարտ տեղ է մնացել այդ արձակի, ոճերի ու ձևերի մեջ, և ասել էր. «Ես ընտրեցի իմ այս ոճը»: Այդ ոճի մեջ առանձնահատուկ էին նրա լեզվի շարադասական ընկալումը, հումորի նրբազգաց շերտն ու հոգեբանական խորությունը: Կիսահումորային, տխուր, կենցաղային, բայց շատ սիրելի՝ այդ ամենը միասին շաղախած՝ նա գտել էր իր ոճը»:

Միլիտոնյանը շեշտեց նաև Սիրադեղյանի էսսեների գաղափարական խորությունն ու մարդկային տեսակը. «Նրա էսսեներն այնպես են ձևակերպված, որ մեր ունեցածը պահպանելու խնդիրն են առաջադրում: Մտածողությունն ընդհանրապես քարացած չէ. նույն թեմայի շուրջ թե՛ անցյալում, թե՛ ներկայում, թե՛ ապագայում տարբեր ձևով է ընկալվում, բայց միջուկը նույնն է: Նա կաղապարներին դեմ էր, բայց կանոն ու օրենք հարգող մարդ էր: Որքան էլ հետագայում կտրուկ ու հատու խոսք ուներ, նույնքան էլ ուներ լուրջ, նրբազգաց վերաբերմունք մարդկանց նկատմամբ»:

Արձակագիր Ռոլանդ Շառոյանը վերհիշեց Սիրադեղյանի հետ իր վերջին հանդիպումներից մեկն ու նրա բանաստեղծական փորձերը՝ ընդգծելով գրողի անմնացորդ նվիրումը.

«Նա ինձ միշտ ասում էր՝ ես բանաստեղծ չեմ, բայց հիշում եմ իր վերջին բանաստեղծություններից մեկը, որի ձեռագիրը կարդացի: Այդ բանաստեղծությունը դարձավ Վանոյի կենսագրության վերջին բացահայտումը, որտեղ նա կարծես կանխազգացել էր իր վերջին շրջանի մահացու ճակատագիրը: Ես մի բան գիտեմ. քանի դեռ աշխարհի երեսին գոնե մի հայ կա, այդ հայը կիմանա, որ եղել է, ապրել է, տառապել է, արարել է, գործել է, սխալվել է ու սխալն ուղղել է այդպիսի մի գրող, խոշոր մտավորական ու գաղափարակից»:

Քաղաքական գործիչ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ թեև Սիրադեղյանի գրական ժառանգությունն անգնահատելի է, սակայն անուրանալի է նաև նրա պետական ու անվտանգային գործունեությունը. «Նա մնալու է նաև այս երկրում իր արածներով, քաղաքական դաշտում, պետական գործերում և պառլամենտում իր գործունեությամբ:

Նա Հայաստանի անվտանգության համար լուրջ գործունեություն է ծավալել Ադրբեջանում, Վրաստանում և այլուր: Վանոն չէր ուզում, որ կուսակցական ատելությունն ու թշնամանքը փոխանցվեն սերունդներին»։

Բանաստեղծ Հակոբ Մովսեսն իր խոսքում շեշտադրեց, որ Սիրադեղյանը՝ որպես պետական գործիչ, նույնպես իր գրական տաղանդի ու մտավորական ընկալումների արդյունքն էր.

«Մենք գործ ունենք շատ տաղանդավոր, ինքնատիպ գրողի և միաժամանակ շատ տաղանդավոր պետական գործչի հետ, որի տաղանդավորությունը գալիս է իր գրականությունից: Նա մեր պետական մտածողություն ունեցող մտավորականության մեջ ամենասթափ և ամենազգոն մարդկանցից մեկն էր, որը կարողանում էր էքստազն ու հարբեցողությունը (որպես մշակութային հասկացություններ) մի կողմ թողնել և զգոն, սթափ ու դառը կերպով մտածել մեր երկրականության մասին:

Եթե նրա ստեղծագործությունները կարդացել եք, այնտեղ լեզվական ու ոճական խրախճանքների կողքին կտեսնեք նաև մի սթափ գրողի, որը կարողանում է իրավիճակները ճիշտ տեսնել: Նա մի մարդ էր, որը կարող էր սխալվել, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, բայց ստորություն անել չէր կարող»:

Գրող Խաչիկ Մանուկյանն էլ պատմեց դրվագներ Սիրադեղյանի՝ գրողների հանդեպ ունեցած հոգատարությունից և պաշտոնավարման տարիներին գրական շրջապատի հետ պահպանած անմիջական կապից.

«Ե՛վ ավագ սերունդը, և՛ իր սերունդը, և՛ մեր սերունդը միշտ զգացել են նրա հովանավորությունն ու հոգատարությունը: Երբ Ռաֆայել Նահապետյանը նոր էր առանձնացել, ապրում էր դժվարին շրջան, ընտանիքից հեռու և չէր պատրաստվում

Նոր տարին նշել, գնացինք նրա մոտ ու տեսանք, որ սեղանը ծփում է ուտելիքներով ու ըմպելիքներով: Ասաց՝ Վանոյի նվերն է: Նույնիսկ պաշտոնավարման տարիներին, երբ շրջապատված էր բազմաթիվ պաշտոնյաներով, գրող ընկերներին տեսնելիս առաջինը նրանց էր մոտենում»:

Միջոցառմանն ընթերցվեց նաև Սիրադեղյանի արձակից, իսկ ավարտին Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, գրքեր նվիրեց Հայաստանի գրողների միությանը:

Արգինա Փահլևանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment