Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նոյեմբերի 6-ին երրորդ անգամ վիրահատել են։ NEWS.am–ի հետ զրույցում Անի Ավետիսյանը նշեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերականգնման փուլում է։
«Ամբողջ օրը ցավերի մեջ եմ, ցավազրկողներ եմ ստանում։ Վիրահատությունը եղել է նոյեմբերի 6–ին, ազդրի ոսկորն են վիրահատել, ասացին, որ ոսկորն ամբողջովին փշրված է՝ ծնկի տակի խաղով։ Հիմա դա մաքրել են, ազդրի վերևի հատվածից կտրել են, տարել են ներքև։ Վերևից ոսկորը կաճի, կգա միանա ներքևի մասին։ Հիմա ուրիշ սարքավորումներ են դրել, երկաթներ, ասել են, որ 3-4 ամսից նոր արդյունքը կերևա։ Ծնկի ներքևից երկաթներով հավաքած է մինչև ազդրի վերևի հատվածը։ Դա այդպես մնալու է, դեռ մի հատ էլ են սարքավորում դնելու, որ ձգեն, ոտքը երկարացնեն»,–ասաց վիրավոր կինը՝ հավելելով, որ մոտակա ժամանկներում վիրահատություն չի նախատեսվում, բայց դեռ ավելի ուշ լինելու է վիրահատություն։ Անիի երեխաները շարունակում են Մասիսի գյուղերից մեկում ապրել տատիկի տանը, անտեղ են դպրոց հաճախում։
Որդու ձեռքի վիճակն էլ նույնն է, դեռ փոփոխություն չկա, ասել են՝ դեռ ոսկորը չի կպել։ «Աղջկան հոգեբանական վիճակում էլ փոփոխություն չկա, երբ մենակ է մնում, նորից վատ է զգում»,–ասաց Անի Ավետիսյանը։ Նա ընդգծեց, որ վիրահատությունն իրականացվել է պետական միջոցներով։ Անհրաժեշտ դեղորայքն ու բուժօգնությունը նրան տրամադրվում են ամբողջությամբ անվճար։
Անի Ավետիսյանի հետ վերջին քննչական գործողությունը եղել է նախորդ ամիս։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am-ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։