«2018 թվականին հայկական հասարակությունը քաղաքակրթական հասունության մոտավորապես չորրորդ փուլում էր, և հնարավորություն դիտարկել էի, որ պիտի անցնի հինգերորդ փուլ, երբ որ հուզական որոշումները արդեն փոխարինվեն մի քիչ ավելի ռացիոնալ որոշումներով, որովհետև իռացիոնալ պետականությունից չորրորդը կատարվում է հինգերորդ՝ ռացիոնալ պետականություն: Իմ գնահատմամբ՝ դա մեր մոտ ձախողվեց հերթական անգամ՝ ինչպես վերջին 20-30 տարում, և նորից իջել ենք երրորդ-երկրորդ պայմանական փուլի»,- ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կազմակերպված «Կուսակցությունը, որպես ժողովրդավարական հասարակությունում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման սուբյեկտ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը (լուսանկարում)։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ նույնանուն աշխատությունը՝ հայերեն եւ ռուսերեն տարբերակներով, որը հեղինակել են Տարոն Սիմոնյանը եւ Արման Թաթոյանը։
Տարոն Սիմոնյանի գնահատմամբ, պետության քաղաքական կյանքը հիմնականում կախված է հասարակության քաղաքակրթական հասունությունից․ «Մեր հասարակությունները՝ պայմանավորված նաև ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների միտումներով, այդ միտումները շատ դեպքերում չեն օգտագործում ի օգուտ հասունացման, այլ օգտագործում են ի վնաս դրա, որովհետև ավելանում են հասարակության հուզական որոշումները ընդունելու պարագայում, և պատասխանատվության չափը իջնում է ընդհանրապես»
Բանախոսը հարց հնչեցրեց՝ որտեղի՞ց սկսենք՝ ունենա՞նք հասուն քաղաքական կուսակցություններ, ովքեր կաշխատեն հասարակության հետ, որպեսզի այդ հասարակությանը հասունացնեն այն մակարդակի, որ իրենք գեներացնեն քաղաքական ավելի հասուն կամք, և դա արտահայտելի դառնա կուսակցական խողովակներով, թե՞ մենք պետք է սպասենք, որ հասարակությունը ինքնուրույն հասունանա, որ ինքը իր ներսում կուսակցություններ գեներացնի ավելի հասուն:
«Կարծում եմ՝ այս երկրորդ տարբերակը, եթե անգամ ընտրենք, ինքը բավական երկար ժամանակ է պահանջում՝ առնվազն երկու-երեք սերնդի մշտական աշխատանք է պահանջում, որ արդյունավետ լինի: Առաջինի պարագայում՝ ռեսուրսը դնում ենք միշտ կուսակցությունների վրա, ովքեր որ պետք է կրթեն հասարակությանը, հասունացնեն քաղաքական իմաստով հասարակությանը, որ հետո քաղաքական կամքը ավելի հասուն լինի, հիմնականում ձախողում են, որովհետև կարճաժամկետ են նայում և իրենք երկարաժամկետ գաղափարախոսական ուղղություն չեն վերցնում, այլ կարճաժամկետ օպորտունիստական՝ այսինքն՝ վերընտրվելու տրամաբանությունն են վերցնելու, և ստիպված էլի օգտագործում են հասարակության ոչ հասուն քաղաքական մտածողությունը իրենց վերարտադրության համար: Սա փակ ցիկլ է, որը ինչ-որ մի օր պետք է փակի, կանգնացնի այս ցիկլը, թե չէ անընդհատ այս շրջափուլը անընդհատ գնալով՝ հասարակությունը ինքը իրեն թուլացնելու է, նվաղեցնելու է և ունենալու այն կամքը, ինչ որ, օրինակ, ես 18 թվականի իմ գրքում ներկայացրել էի»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Եթե այսօր առանձին կուսակցությունների համագործակցությանը զուգահեռ ուշադիր նայենք, կտեսնենք, որ համագործակցությունից ավելի արագ քաղաքական բևեռացման գործընթաց է գնում։ Քաղաքական երկխոսությունը ոչ թե նպաստում է լուծումների հայտնաբերմանը քաղաքական միջավայրում, այլ հակառակը՝ հակառակ բևեռների բևեռացման, ինչը տանում է նրան, որ ոչ թե, այսպես ասած, սեփական ճշմարտության հիմնավորման նոր աղբյուրներ են հայտնաբերվում, այլ ձևավորվում են կուսակցության ներսում կամ նրանց առաջնորդների կողմից ստեղծված տեղեկատվական պղպջակներ, որոնք թվացյալ գործիքներով սեփական ճշմարտությունը՝ քաղաքական ճշմարտությունը հիմնավորման համար պղպջակ են ձևավորում, և դա էլ նպաստում է արդեն բևեռացման քաղաքական համակարգի, ինչը դրականորեն չի նպաստում ամբողջ քաղաքական միջավայրի զարգացման վրա»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Տարոն Սիմոնյանը պոպուլիստական քաղաքական ուժերն ինքնին բացասական երևույթ չի համարում, քանի որ դրանք քաղաքական համակարգի առանձին մասեր են, բայց նկատում է, որ ժամանակակից քաղաքական միջավայրում հաճախ դրանք ոչ ի օգուտ հասարակության քաղաքական մշակույթի զարգացման են օգտագործում, և քաղաքական պոպուլիզմը հիմնականում պայմանավորվում է նաև տեղեկատվական հոսքերի քանակական աճով և այն տրամաբանությամբ, որ դասական կուսակցությունները, որ եթե նախկինում ձևավորվում էին ավելի կայուն երկարաժամկետ քաղաքական առանցքի՝ քաղաքական գաղափարախոսական առանցքի շուրջ, հիմա սոցիալ-տնտեսական քաղաքական միջավայրի արագ փոփոխությունները թույլ չեն տալիս կուսակցություններին ավելի երկարաժամկետ քաղաքական առանցք որոշակի հասնել և շարունակել իրենց գաղափարի հետապնդողը լինել՝ մեկ, երկու, երեք սերնդի շրջանակներում, ու արդյունքում ստիպված են լինում թեքվել դեպի պոպուլիստական կարճաժամկետ՝ այդ պահին ընտրվելու համար անհրաժեշտ քաղաքական խոսույթ ընդօրինակելու և այդ խոսույթով իրենց կարճաժամկետ նպատակները կյանքի կոչելու համար, որը չի նպաստում, իհարկե, քաղաքական մշակույթի զարգացմանը։
Տարոն Սիմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ իր եւ Արման Թաթոյանի հեղինակած գրքում իրենք առկա իրողությունները դիտարկել են իբրեւ հնարավորություն՝ նոր ադապտիվ կուսակցական համակարգեր ձևավորվելու համար․ «Դրանք հիբրիդային կուսակցության համակարգերն են, որոնք այսօր արդեն իսկ եվրոպական միջավայրում տեսանելի են։ Դրանք ցանցային կուսակցական համակարգերն են և հարթակային կուսակցական համակարգերն են։ Եվ փորձն էլ կա արդեն, կարծես, Իտալիայում հարթակային կուսակցական համակարգերի ներկայացուցիչ «Հինգ աստղ» շարժում կար, որը կարծես տեղական մակարդակներում նույնիսկ հաջողությունների էր հասնում, իսկ ցանցային կուսակցական համակարգերի հիբրիդային տեսքով համակարգերի օրինակ էր Իսպանիայում՝ Բարսելոնայի հետ կապված մեկ քաղաքական ուժ կար, որ էլի տեղական մակարդակում այս նոր հիբրիդային մեթոդաբանությունը օգտագործելով կարողացավ որոշակի հաջողությունների հասնել»։
Բացի այս աշխատության հեղինակները ևս մեկ մեխանիզմ են առաջարկում․ «Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ՝ մենք առաջարկել ենք, որ շատ ավելի մեծ տեմպերով պետք է աշխատանք տարվի քաղաքացիական գիտակցության և իրավական գիտակցության զարգացման վրա, որի միջոցով քաղաքական մշակույթը կհասունանա։ Եթե այս երկու գործընթացները զուգահեռ չգնան, այսինքն՝ քաղաքական մշակույթի զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը, ապա հաստատ տեխնոլոգիական առաջընթացը ի վնաս է օգտագործվելու նույն այսօր հա՛մ քաղաքական համակարգի, հա՛մ կուսակցական համակարգի վրա։ Դրա համար առաջարկն այնպես է, և դրանով ամփոփել ենք, որ զուգահեռ աշխատանք է պետք, և միգուցե ավելի շատ արագ տեմպերով աշխատանք քաղաքական մշակույթի զարգացման ուղղությամբ՝ իր ենթաբաժիններով՝ իրավական մշակույթ, քաղաքացիական գիտակցություն, որպեսզի կարողանանք այս մարտահրավերների առաջն առնել և ի օգուտ օգտագործել քաղաքական համակարգի զարգացման»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: