«Այո, դատարանի վճիռ չկար, էդ մարդուն, երբ քրեակատարողական հիմնարկ տարել են, բժշկական խնդիր ու գանգատ չի ունեցել, այդ օրը առավոտյան վատ է զգացել, սրտի կանգ է արձանագրվել, մահացել է։ Շատ եմ ցավում, բայց մեղադրել իշխանությանը այդ մարդու մահվան մեջ, ամեն ինչին կա չափ ու սահման»,- լրագրողների դիտարկմանը՝ ասում են՝ ձեր իշխանությունը մահաբեր է, քանի որ բանտում մահվան երկրորդ դեպքն է տեղի ունեցել, ընդդիմության ներկայացուցիչն է մահացել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
Ասաց, որ ցավում է Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան առնչությամբ․ «Ցավակցություններս հարազատներին, մտերիմներին։ Ունենք շատ մեծ, դժբախտ պատահար․ մարդ է մահացել։ Այս ամենից զերծ չմնաց ընդդիմությունը․ փորձեցին իրենց ընկերոջ մահը դարձնել քաղաքական շահարկման առարկա։ Մեզ մի սիրեք, հարգեք, բայց գոնե ձեր ընկերոջը հարգեք, մանավանդ, որ նա մահանում է կալանավայրում, հիշատակը վառ պահեք, ոչ թե սարքեք քաղաքական շահարկումների առարկա»։
Լրագրողների փաստմանը՝ կալանավայրում բժիշկ չի եղել, ասում են, որ Արսեն Գևորգյանն այնքան վատ է զգացել, որ անգամ խցակիցներն են նրա համար կանչել բժիշկ և հարցին՝ ինչո՞ւ հերթապահ բժիշկ չի եղել կալանավայրում, ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց․ «Ձեր հարցն ինձ չպետք է ուղղված լինի, կարող եք քրեակատարողական հիմնարկին հարցում անել։ Այդ օրն առավոտյան վատ է զգացել, շտապօգնություն են կանչել»։
Այն, որ մարդու մահը տեղի է ունեցել կալանավայրում և փաստմանը՝ կալանավայրում գտնվող մարդու պատասխանատվությունը պետությանը, իշխանությանն է, Տարոն Չախոյանն արձագանքեց․ «Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի սարքեք։ Քրեական հիմնարկներում այլ մարդիկ էլ են մահանում, բա այն մյուս դեպքերի հետևից ինչո՞ւ չեք գնում, որովհետև քաղաքական թեմա չկա»։
Լրագրողները մտահոգություն հայտնեցին, որ կալանքը դարձել է պատժի միջոց և այս դեպքում էլ ասում են, որ կարող էին տնային կալանք կիրառել, ոչ թե ճնշել, տանել կալանավայր, ինչի պատճառով էլ անձի առողջական վիճակը վատթարացել է, Տարոն Չախոյանն ասաց․ «Այդ որոշումը ես չեմ կայացնում, դատարանն է որոշում։ Կալանքի որոշումը տվել է դատարանը։ Եթե այդ մարդու համար խափանման միջոց ընտրեին տնային կալանք, այդ դժբախտ պատահարը տեղի ունենար տանը, էդ ժամանա՞կ ինչ պիտի ասեիք։ Պիտի ասեիք, որ մարդուն անմեղ տեղը մեղադրանք առաջադրեցիք, էդ մտածմունքներից առողջական խնդիր ունեցավ, մահացա՞վ»։
Տարոն Չախոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: