Microsoft-ը 2025 թվականից ի վեր առաջին անգամ շուկայական կապիտալիզացիայով առաջ է անցել Nvidia-ից՝ աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Nvidia-ի բաժնետոմսերը էժանացել են ավելի քան 6%-ով՝ նախորդ օրվա 4,3% անկումից հետո։ Արդյունքում Microsoft-ը բարձրացել է երկրորդ հորիզոնական, իսկ Nvidia-ն նահանջել է երրորդ տեղ։ Առաջատարը Apple-ն է՝ 5.06 տրլն դոլար շուկայական կապիտալիզացիայով։
Երկու առևտրային նստաշրջանի ընթացքում գրաֆիկական պրոցեսորների և արհեստական բանականության չիպերի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Nvidia-ի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 470 մլրդ դոլարով։
NASDAQ բորսայում Nvidia-ի բաժնետոմսերը կորցրել էին 6.2%՝ հասնելով 167.6 դոլարի, իսկ Microsoft-ի բաժնետոմսերը նվազել էին 1.46%-ով՝ մինչև 537.24 դոլար։
Սակայն Nvidia-ի բաժնետոմսերի անկումը խորացել էր մինչև 6.6%, իսկ Microsoft-ինը՝ 3.14%, ինչի հետևանքով Nvidia-ն կրկին առաջ էր անցել Microsoft-ից շուկայական կապիտալիզացիայով։
Nvidia-ի բաժնետոմսերի զանգվածային վաճառքները սկսվել են այն բանից հետո, երբ ընկերության տնօրենների խորհուրդը հետաքննություն է նախաձեռնել գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի նկատմամբ։
Հետաքննությունը վերաբերում է Հուանգի ենթադրյալ սերտ կապերին սինգապուրյան Megaspeed ընկերության ղեկավար Էլիս Հուանգի հետ։ Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականների՝ վերջինս հավաքագրվել է Չինաստանի պետական անվտանգության նախարարության կողմից։
Financial Times-ի տեղեկություններով՝ Ջենսեն Հուանգին և Էլիս Հուանգին կապել են նաև ռոմանտիկ հարաբերություններ։ Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ այդ կապերը կարող էին հանգեցնել ԱՄՆ-ից արհեստական բանականության տեխնոլոգիաների վերաբերյալ գաղտնի տվյալների արտահոսքի և արտահանման սահմանափակումները շրջանցելու փորձերի։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զրպարտություն է որակել այն մեղադրանքները, թե չինական հետախուզությունը փորձել է կապ հաստատել Nvidia-ի ղեկավարի հետ։
Միաժամանակ Nvidia-ի ներդրողները կոլեկտիվ հայց են ներկայացրել ընկերության և Ջենսեն Հուանգի դեմ՝ նրանց մեղադրելով բաժնետերերին մոլորեցնելու մեջ։ Հայցվորների պնդմամբ՝ ընկերությունը թաքցրել է իր ղեկավարի կապերը Megaspeed-ի ղեկավար Էլիս Հուանգի հետ։