ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Տարոն Չախոյանը որևէ կարգավիճակ չունի։ Իշխանական պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այժմ հարցաքննության չի հրավիրվել։ Միաժամանակ նա ընդգծեց, որ դեմ չէ միջադեպին իրավապահների կողմից քրեաիրավական գնահատական տալուն՝ անկախ նրանից՝ հնարավոր մեղավորը իշխանությունից է, թե ընդդիմությունից։
Չախոյանը հերքեց, թե վարույթը կարող է քաղաքական նպատակ հետապնդել կամ ուղղված լինել ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարանից հեռացնելուն։ Չախոյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Այն ձեռքը, որը մեկնել է դեպի ամբիոնում կանգնած մարդուն, պետք է կոտրենք» հայտարարությունը փոխաբերական իմաստով է:
«Կոտրելը վարչապետը նկատի է ունեցել փոխաբերական իմաստով, բնականաբար՝ ոչ ուղիղ իմաստով։ Եվ կոտրելը նկատի է ունեցել այն պատասխանը, որը ստացավ ընդդիմությունը իր խուլիգանական պահվածքի համար, նաև այն անձը, ով գնացել էր այդ քայլերին»,- ասաց նա։
Չախոյանը պնդեց, որ միջադեպի ժամանակ ինքն ընդամենը ջուր խմելիս է եղել, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարձակվել է իր վրա։ Նրա խոսքով՝ ինքը չի սկսել ծեծկռտուքը, իսկ իր գործողությունները եղել են պատասխան հարձակմանը։
«Կարծում եմ` ակնհայտ է, որ ջուր խմողը, բնականաբար, չի պատրաստվում կռիվ անել։ Կռիվ անելուց մարդիկ սովորաբար բաժակով ջուրը ձեռքներին ջուր չեն խմում։ Մի ժողովրդական խոսք էլ կա, չէ՞, ասում են՝ ջուր խմողին անգամ օձը չի խայթում, բայց մեր պատգամավորներից, ընդդիմադիր պատգամավորներից մեկը որոշեց, որ կարող է ջուր խմելուց հարձակվել ինձ վրա, ինչին հետևեց պատասխանը»,- նշեց Չախոյանը։
Նա չպատասխանեց մեր այն հարցին, թե ինչու է քրեական վարույթը նախաձեռնվել միջադեպից միայն 10 օր անց՝ հարցը հասցեագրելով դատախազությանը։ Միաժամանակ, իշխանական պատգամավորը վստահություն հայտնեց, որ իրավապահները կարող են ապահովել արդար և անաչառ քննություն։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գործողություններին և այն մեղադրանքներին, թե նա ժամանակին ՊՊԾ աշխատակիցներին դահլիճ չի հրավիրել՝ Չախոյանն ասաց, որ անտրամաբանական է համարում ընդդիմության կողմից նախահարձակ լինելուց հետո Ռուբինյանին մեղադրելը։
Նա նաև հերքեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյանի պնդումը, թե Չախոյանն է հայհոյել, ինչին ի պատասխան ծեծկռտուք է սկսվել։ Չախոյանի խոսքով՝ դա կեղծիք է և ապացուցելի չէ, քանի որ նման բան չի եղել։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան