ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Տարիներ շարունակ Փաշինյանի թիմակից և պետական բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնող ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ծավալուն հոդված է հրապարակել՝ փաստացի ահազանգելով այն վտանգավոր հանգրվանի մասին, որին Հայաստանը կարող է հասնել գործող իշխանությունների որդեգրած քաղաքականության հետևանքով։ Նրա վերլուծության առանցքային միտքն այն է, որ ԵՄ անդամակցելու ճանապարհը վտանգավոր պատրանք է, եթե այն կառուցվում է տարածաշրջանային իրողություններն ու առանցքային դերակատարների շահերն անտեսելու հաշվին։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու է իշխանության առանցքային ներկայացուցիչը հենց հիմա նման հրապարակային գնահատականներ հնչեցնում, և որքանով են դրանք պայմանավորված ներիշխանական հակասություններով, կամ վերադասավորումներով:
Առավել կարևոր է մեկ այլ հանգամանք՝ Գրիգորյանը, ըստ էության, բարձրաձայնում է այն վտանգները, որոնց մասին մենք տարիներ շարունակ զգուշացրել ենք՝ քննադատելով իշխանությունների անհեռատես, իրավիճակային և ռազմավարական խորությունից զուրկ արտաքին քաղաքականությունը։
Չի կարելի տարածաշրջանային դերակատարներին անտեսելով, աշխարհաքաղաքական իրողությունները շրջանցելով և ցանկալին իրականության տեղ ներկայացնելով՝ պետության ապագան կառուցել քաղաքական պատրանքների վրա։
Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ եթե իշխանության ներսում տարիներ շարունակ գիտակցել են այդ ռիսկերը, ապա ինչո՞ւ են շարունակել նույն քաղաքականությունը։ Իսկ եթե չեն գիտակցել, ապա ինչպե՞ս է հնարավոր նման ռազմավարական անպատասխանատվությամբ կառավարել պետությունը։
Պատերազմում կրած պարտությունից, Արցախի կորստից, Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած լրջագույն խնդիրներից, Հայաստանի անվտանգային միջավայրի շարունակական վատթարացումից հետո իշխանությունները դեռ շարունակում են հասարակությանը ներկայացնել քաղաքական նոր հորինվածքներ՝ առանց դրանց իրականացման ճանապարհների, հնարավոր հետևանքների և ազգային անվտանգության ռիսկերի հստակ գնահատման։
Իսկ այդ քայլերի ու շարունակական փորձարկումների գինը, ինչպես փորձն է ցույց տալիս, վճարում է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: