168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրը «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Այբներն է:
– Պարոն Այբներ, մեր վերջին հարցազրույցից հետո Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակը չի կարգավորվել, ընդհակառակը, այն թևակոխել է նոր փուլ՝ ձեռք բերելով ավելի ինստիտուցիոնալ և իրավական բնույթ։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու իր օրակարգից, և այս նպատակն այժմ կառավարության ծրագրի մի մասն է։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Կառավարության ղեկավարն այս նպատակը վերածում է պետական քաղաքականության։
– Ակնհայտ է, որ Կառավարությունը և վարչապետը ցանկանում են քաղաքական վերահսկողություն հաստատել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ նրանք դա անում են, քանի որ հայաստանյան վարչակարգի, կառավարության բնույթը ոչ թե ժողովրդավար է, այլ՝ ավտորիտար է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունները փորձում վերահսկողություն հաստատել հասարակության բոլոր տարրերի, բայց հատկապես Եկեղեցու նկատմամբ, քանի որ Եկեղեցին հայ ազգի հիմնարար սյունն է։
Վարչապետը, կարծես, չի ապավինում պետական համակարգում զսպումների և հակակշիռների մեխանիզմներին: Եվ, բնականաբար, Հայ Առաքելական եկեղեցին ինչ-որ առումով զսպաշապիկ է պետության իշխանության համար։ Մենք տեսնում ենք, որ կա քաղաքական բախում։ Վարչապետին այս ուղղությամբ առաջ են մղում Ադրբեջանում և Թուրքիայում նրա խաղաղության գործընկերները, ինչպես նաև նրանք, ովքեր կանգնած են այս գործընթացի հետևում:
Նա առաջ է շարժվում, և շարժվում է եռանդով ու վճռականությամբ, որովհետև իր համար սա քաղաքական գոյաբանական հարց է։ Նա չի կարող գոյատևել, եթե չհաղթի։ Նրան սատարող բոլոր ուժերը՝ Թուրքիան, Ադրբեջանը և այլք, միջոց կգտնեն նրանից ազատվելու համար, ուստի նա չի կարողանա քաղաքականապես գոյատևել առանց վերոնշյալ ուժերի աջակցության։ Հետևաբար՝ նա վճռել է գնալ այս հարցում այնքան հեռու, որքան հնարավոր է։
– Սեպտեմբերին Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունը զեկույց հրապարակեց Հայ Առաքելական եկեղեցում առկա, այսպես կոչված, ճգնաժամի մասին՝ առաջարկելով հանգուցալուծման ուղիներ։ Ձեր կազմակերպությունը՝ CSI-ը, խիստ քննադատության ենթարկեց այս զեկույցը: Ո՞րն է այս զեկույցի բուն վտանգը։
– Մենք զեկույցի բովանդակությունն ընդհանրապես լուրջ չենք ընդունում, քանի որ այն լի է բամբասանքներով, ակնարկներով և չհիմնավորված մեղադրանքներով։ Այն փաստը, որ դրանք վերցված են բազմաթիվ բաց աղբյուրներից, իրականում ոչինչ չի նշանակում: Բաց աղբյուրներում այնքան շատ սուտ, չստուգված տեղեկատվություն կա։ Բացի այդ, կարծում եմ՝ դրա մեծ մասը հավանաբար տարածվել է հենց կառավարության կողմից: Այսպիսով, կառավարությունը հղում է անում ինքն իրեն, երբ պնդում է, թե հիմնվում է բաց աղբյուրների վրա՝ զեկույց կազմելիս։ Այնպես որ, սա իրականում ոչինչ չի նշանակում։
Եթե հասարակության շրջանում որևէ մեկը հանցավոր գործունեություն է ծավալում, կառավարությունը՝ պետությունը, պարտավոր է դրանով զբաղվել օրենքի սահմաններում։ Այս զեկույցում ներառված որևէ խնդիր դատարան չի հասել, մեղադրված անձանց որևէ հնարավորություն չի տրվել պատասխանելու, և պետության կողմից նրանց հարթակներ չեն տրամադրվել:
Սա ոչ այլ ինչ է, քան Եկեղեցին թուլացնելուն ուղղված ավտորիտար քայլ, որի նպատակն է պետական իշխանությունը պարտադրել հայ ազգի սրբազան ու հնագույն այդ հաստատությանը:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: