Նարեկ Կարապետյանի մեղադրանքը լրացրել են՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման․ գործում հակասություններ կան. «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, կայացել է Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանում քննարկվեց Նարեկ Կարապետրանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։ Միջնորդության հիմքում դրվել է պատգամավոր Կարապետյանի՝ ԱԺ-ի միջոցով անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հանգամանքը։ Մասնավորապես, ի սկզբանե ԿԸՀ-ն թույլատրել է հետապնդում իրականացնել հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքով, սակայն հետագայում մեղադրանքում ավելացվել է ՔՕ 285-րդ հոդվածը և փողերի լվացման դրվագով՝«հանցավոր կազմակերպության» ձևակերպումը։ «Հանցավոր կազմակերպության» ձևակերպումը «Յակուձա»-ի հետ համեմատելով պաշտպան Վահե Միսակյանը նկատեց՝ Նարեկ Կարապետյանն այդ որակումից երբեք չի պաշտպանվել, դատախազն ԱԺ չմտնի՞ անձեռնմխելիության հաղթահարման համար, ի վերջո, սա նոր մեղադրանք է, ինչը մինչև 12 տարվա ազատազրկում է ենթադրում։

«Ընդունենք այն մեղադրանքը չկա, օրենքի փոփոխություն է տեղի ունենում կամ ապաքրեականացնում են, այս վարույթն ինչպե՞ս է շարունակվելու։ Եթե անձն անձեռնմխելիությունից զրկվել է, արգելանքի վերցվել, հետո այլ հետապնդում է հարուցվում՝ այլ հիմքով, ԱԺ չպե՞տք է դիմեն։ Գործ ունենք համաչափության, օրինականության սկզբունքների, արդար դատաքննության, մեղադրանքից արդյունավետ պաշտպանության սկզբունքների հետ։ Այս որակումից երբեք չենք պաշտպանվել։ Բա ԱԺ-ում դատախազը չգնա՞ բարձրաձայնի, ասի։ Բա խորհրդարանական կառավարման երկիր է։ Բա ուր մնաց նորմերի կիրառման իրավաչափ, իրավակիրառ հնարավորությունները, երբ են դրանք կիրառվելու, ստանդա՞րտ իրավիճակներում։ Դա սահմանափակում է նաև անմեղության կանխավարկածը»։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ ԿԸՀ որոշման իրավաչափությունը չի կարող գնահատվել, եթե չկա որոշում, որ անձեռնմխելիության հաղթահարումն իրավաչափ չի եղել, նման գնահատական դատարանը չի կարող տալ, ինչ վերաբերում է շարունակվող քրեական հետապնդման առկայությանը և լրացուցիչ անձեռնմխելիության երաշխիքների հետ կապված դիտարկումներին, ապա ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո ԱԺ լրացուցիչ համաձայնություն պարտադիր չի համարում։ Նշենք, որ դատարանը մերժել է նաև Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Հաջորդիվ դատարանում քննարկվեց գույքային հայցի հարցը։ Հանրային մեղադրողները գույքային հայց ներկայացրեցին, միջնորդեցին Ալեքսան Ալեքսանյանին և Նարեկ Կարապետյանին ճանաչել գույքային պատասխանող։ Ըստ հանրային մեղադրողի՝ համապարտության կարգով Կարապետյանից և Ալեքսնյանից պետք է հօգուտ պետության բռնագանձվի շուրջ 26 մլն դրամ՝ որպես պատճառված վնաս։ Պաշտպան Արմեն Ֆերոյանը, առարկելով, ուշադրություն հրավիրեց կրկնակի հարկման բացառման կոնվենցիայի վրա, այսինքն՝ եթե անձը ՌԴ քաղաքացի է և հարկ է վճարում այնտեղ, ՀՀ-ում այդ անձի հարկը չի հաշվառվում և չի գանձվում։ Արշակ Վարդանյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մեղադրանքն ունի ակնհայտ հակասություն․ մի կողմից մեղադրում են հանցավոր կազմակերպություն լինելու մեջ, բայց պետությանը ենթադրյալ պատճառված վնասը նայելու դեպքում պարզ է դառնում, որ դա գոյացել է շահութահարկի հետ կապված հարաբերությունների արդյունքում, այսինքն՝ կազմակերպությունն իբրև հանցավոր է, բայց հարկեր է ակնկալում հանցավոր կազմակերպությունից, ինչը ողջամիտ չէ։

«Ստացվում է՝ պետությունը լիազորել է այդ անձանց, որ հանցավոր գործունեությամբ զբաղվեն, բայց հանկարծ հարկերի հետ կապված հանկարծ խնդիր չլինի, ներքին հակասություն կա։ Վնաս կարող է ենթադրաբար պատճառվել, բայց եթե հարկային գծով է գալիս, հանցավոր կազմակերպության պայմաններում դրա մասին խոսք լինել չի կարող, կարող է այլ խախտման դեպքով լինել, բայց ոչ այս դեպքում », – ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ խնդիրն անգամ մեղադրանքը կարդալիս է երևում։ Անահիտ Առաքելյանն էլ նկատեց՝ այս արարքի դեպքում անմիջականորեն հասցված վնասի մասին խոսք լինել չի կարող։

Դատարանն արձանագրեց, որ գույքային հայցի պայմանները պահպանված են, բովանդակային գնահատումն այս փուլում հնարավոր չէ, բայց Նարեկ Կարապետյանին և Ալեքսան Ալեքսանյանին գույքային պատասխանող ճանաչելու անհրաժեշտությունը դատարանը չի տեսնում։ Հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի և հաջորդականության քննարկումն այսօրվա նիստին չկայացավ, քանի որ հանրային մեղադրողները պատրաստ չէին ներկայացնել դա։ Հարցը կքննարկվի հաջորդ նիստին։ Մինչ դատական նիստի հետաձգումը դռնփակ ռեժիմով դատարանը քննարկեց և բավարարեց միջնորդությունները՝ Ալեքսան Ալեքսանյանի բժշկական պլանային հետազոտության վերաբերյալ։

Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է եղել, նրա խափանման միջոցը տնային կալանքով փոխարինվել էր սեպտեմբերի 30-ին։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց է ընտրված գրավը՝ 1 մլրդ դրամի չափով, իսկ բացակայելու արւելք խափանման միջոցը վերացվել է սեպտեմբերի 16-ին։ Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։ Ըստ մեղադրանքի՝ նրանց նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին առավել շատ ձայներ ապահովել, ինչպես նաև այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն ստեղծել։

Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։

Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։ Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու դրվագով ավելի քան 150 անձ է հարցաքննվել, որոնցից որևէ մեկը չի հայտնել, որ նման առաջարկ եղել է։ Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, ապա կա միայն օպերատիվ տվյալ, ինչը, պաշտպանների պնդմամբ, չի անցել դատական վերահսկողության որևէ երաշխիքով, հետևաբար, այն չի կարող հիմք հանդիսանալ անձին որևէ ենթադրյալ հանցանք մեղսագրելու համար, այն էլ՝ փողերի լվացման։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment