Հայաստանում գնաճն այս պահին կազմում է 4․3 տոկոս, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նա հավելել է, որ այն գտնվում է վերահսկելի մակարդակում, հայտնում է Factor.am-ը:
Գալստյանը նշել է, որ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունվող դրամավարկային քաղաքականության որոշումները նպատակ ունեն ապահովելու գնաճի կայունացումը միջնաժամկետ հեռանկարում՝ այն մոտեցնելով սահմանված նպատակային ցուցանիշին։
Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձել է նաև դրամի արժևորմանը՝ ընդգծելով, որ ֆինանսական կարգավորող մարմինը փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ չի ներկայացնում՝ անկախ տնտեսական իրավիճակից։
Նրա բացատրությամբ՝ ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում ձևավորվող առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։
«Դրամի արժևորումը հետևանք է պահանջարկի և առաջարկի հարաբերակցության։ Քանի որ դոլարի ներհոսքը Հայաստան ավելի մեծ է, քան դրա պահանջարկը, փոխարժեքը բնականոն կերպով արժևորվում է»,- նշել է նա։
Մարտին Գալստյանը նաև տեղեկացրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը զգալի ծավալի արտարժութային միջամտություններ է իրականացրել ֆինանսական շուկայում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ գործողությունները չեն հետապնդում դրամի նկատմամբ որևէ կոնկրետ փոխարժեք սահմանելու կամ այն անփոփոխ պահելու նպատակ։
ԿԲ նախագահի պարզաբանմամբ՝ արտարժութային միջամտություններն իրականացվում են բացառապես շուկայում ժամանակավորապես առաջացող առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությունները կարգավորելու, ինչպես նաև փոխարժեքի կարճաժամկետ կտրուկ տատանումների ազդեցությունը մեղմելու համար։