Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ իրականացնելիս բանվորները մարդու կմախք են հայտնաբերել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի բանվորները հիմքի փոսեր փորելիս և հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Հիշեցնենք, որ 1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվում։