13-ամյա աղջկան ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ իջեցրել են Երևանի ավտոբուսից․ «Երևանի ավտոբուսը» խոստացել է պարզաբանում ներկայացնել

«Երևանի ավտոբուս»-ը հայտնել է, որ հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ


ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկի վերահսկողն ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ իջեցրել է 13-ամյա աղջկան՝ նրան թողնելով մենակ անծանոթ կանգառում, հատնել է աղջկա մայրը` Աննա Ստեփանյանը։

«Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։ ​Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը։

Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել է անծանոթ կանգառում մենակ», – գրել է նա Facebook-ի իր էջում։

Ստեփանյանը պահանջել է ուսումնասիրել տվյալ ավտոբուսի տեսախցիկների տեսագրությունները, պարզել աշխատակցի ինքնությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչ իրավական հիմքով է աշխատակիցը պահանջել անչափահասի անձնագիրը և նրան իջեցրել ավտոբուսից։

Դեպքին անդրադարձել է նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն՝ հայտնելով, որ ընկերության պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։

«Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը վաղը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ» – նշված է հայտարարության մեջ։


 


Leave a comment