Ադրբեջանում 2027 թվականի հունվարի 1-ից իշխանությունները կսկսեն տնային տնտեսություններում առկա համակարգիչների, նոթբուքների և պլանշետների հաշվառումը։ Պաշտոնյաները կայցելեն քաղաքացիների տներ՝ գրանցելու էլեկտրոնային սարքերի քանակն ու տեսակները, ինչպես նաև համացանցի հասանելիության վերաբերյալ տեղեկությունները։ Թե ինչ նպատակով են իշխանությունները հավաքելու այդ տվյալները և ինչպես են դրանք օգտագործելու, դեռ հստակ չէ, գրում է OC Media-ն։
Նոր ձևաթղթերը հաստատվել են Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կողմից հոկտեմբերին։ Դրանց համաձայն՝ կհաշվառվեն ոչ թե բնակարաններում առկա բոլոր էլեկտրոնային սարքերը, այլ միայն համակարգիչները, նոթբուքներն ու պլանշետները։ Կգրանցվի նաև՝ արդյոք տվյալ տնային տնտեսությունն ունի ինտերնետ կապ, և ինչ եղանակով է միանում համացանցին՝ ֆիքսված, թե անլար կապով։
Նոր պահանջները ներառվել են տնային տնտեսությունների հաշվառման գործող համակարգում, որը սահմանվել է Ադրբեջանի կառավարության՝ 2024 թվականի մայիսի 22-ի որոշմամբ։
Հաշվառումն իրականացվում է ամեն տարի՝ հունվարի 1-30-ը։ Տեղական գործադիր մարմինների աշխատակիցները պետք է այցելեն բնակարաններ և տեղեկություններ հավաքեն ընտանիքի ղեկավարից կամ չափահաս այլ անդամից։
Գործող համակարգով արդեն իսկ հավաքագրվում են քաղաքացիների անունները, անձնական նույնականացման համարները, ծննդյան ամսաթվերը, քաղաքացիության, կրթության, զբաղվածության, սոցիալական նպաստների և հաշմանդամության վերաբերյալ տվյալները։
Հաշվառվում են նաև բնակարանների մակերեսը, սենյակների քանակը, կոմունալ ծառայությունների հասանելիությունը, տրանսպորտային միջոցները, հողատարածքները, գյուղատնտեսական տեխնիկան և անասնագլխաքանակը։
Նոր կարգավորումներում հստակ բացատրություն չկա, թե ինչու է անհրաժեշտ դարձել համակարգիչների, նոթբուքների և պլանշետների հաշվառումը։
Տնտեսագետ Ռազի Աբասբեյլին AzPolitika-ին հայտնել է, որ գործընթացը կարող է կապված լինել Ադրբեջանի թվային զարգացման մակարդակը գնահատելու անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ հավաքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել տարածաշրջանների և սոցիալական խմբերի միջև թվային տեխնոլոգիաների հասանելիության տարբերությունները պարզելու համար։
Սակայն OC Media-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակում է տնային տնտեսությունների՝ համակարգիչներով և ինտերնետով ապահովվածության վերաբերյալ տվյալներ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համակարգիչ ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը 2015 թվականի 62,4 տոկոսից 2023 թվականին հասել է 76,8 տոկոսի։
2025 թվականի տվյալներով՝ տնային տնտեսություններում հաշվառված համակարգիչների 43 տոկոսը նոթբուքներ են, 19,5 տոկոսը՝ սեղանի համակարգիչներ, իսկ 37,5 տոկոսը՝ պլանշետներ և նմանատիպ սարքեր։
Հաշվառման ընդլայնումը հարցեր է առաջացրել նաև քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման և պաշտպանության վերաբերյալ։
Տնտեսագետ Աբասբեյլիի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ պետական կառույցներն են հասանելիություն ունենալու հավաքագրված տեղեկություններին, արդյոք դրանք պահպանվելու են անհատական տվյալների բազաներում, թե օգտագործվելու են անանուն վիճակագրության տեսքով, և ինչ երաշխիքներ են նախատեսված երրորդ անձանց փոխանցումը կանխելու համար։
Գործող կանոնների համաձայն՝ անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումն ու փոխանցումը պետք է համապատասխանեն Ադրբեջանի անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը։
Միաժամանակ նոր կարգը քաղաքացիներին չի պարտավորեցնում առանձին հայտնել տարվա ընթացքում ձեռք բերված յուրաքանչյուր նոր սարքի մասին։ Տվյալները հավաքագրվելու են տարեկան մեկ անգամ։
Բացի այդ՝ հաշվառում իրականացնող պաշտոնյաներին իրավունք չի տրվում հարկադրաբար մուտք գործել բնակարաններ կամ ստուգել էլեկտրոնային սարքերի պարունակությունը։ Ադրբեջանի Սահմանադրության 33-րդ հոդվածով՝ առանց բնակիչների համաձայնության բնակարան մուտք գործելն արգելվում է, բացառությամբ օրենքով կամ դատարանի որոշմամբ նախատեսված դեպքերի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի