Դեռ մեկ ամիս առաջ՝ Aravot.am-ն անդրադարձել էր մի ծեծկռտուքի, որը տեղի էր ունեցել Գյումրու Անի թաղամասի Չարենցի անվան փողոցում։
Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գյումրու Անի թաղամասում բնակվող 34-ամյա Դ․ Սամոլյենկոն ու հայտնել, որ Չարենցի փողոցում, գիշերը ժամը 12-ին, ռուսական ռազմաբազայում աշխատող իր երկու ծանոթները՝ 22-ամյա Ս․ Վոլոչայը և Նիկիտան, անհարկի վեճ են սարքել իր հետ ու ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ռուս զինծառայողները, ըստ Դ․ Սամոլյենկոյի, եղել են երեք հոգով, սակայն երկու հոգին են իրեն հարվածել, երկուսին էլ ինքը ճանաչում է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել այն բազմաբնակարան շենքի դիմաց, որտեղ բնակվում է ռուս զինծառայողներից մեկը՝ 22-ամյա Ս․ Վոլոչայը։
Ոստիկանությունը հենց այդ ժամանակ միջոցառումներ էր ձեռնարկել ռազմաբազայի զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, կազմված փաստաթղթերն էլ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։
Այսօր լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։
Այդ երկու զինծառայողները հայտնաբերվել ու կալանավորվել են։ Նրանք այս պահին գտնվում են հայաստանյան քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Պարզվել է նաև, որ ծեծի ենթարկվածն ազգությամբ ուկրաինացի է։
Հիշեցնենք, որ վերջերս համացանցում բուռն քննարկման թեմա էր դարձել ռուս զինծառայողների մասնակցությամբ մեկ այլ բռնության դեպք․ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երկու ռուս զինծառայողներ դաժան ծեծի էին ենթարկում ու նվաստացնում մի երիտասարդի՝ գոռալով․ «Гюмри — наш город, русских солдатиков, Ты понял․․․ Сестре передай․ Да, и до неё тоже доберёмся»։
Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: