«Մենք անընդհատ լսում ենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում հետընթաց է ապրել։ Չգիտեմ՝ քաղաքական կոռեկտությո՞ւնն է մեզ դրդել օգտագործել «ժողովրդավարության հետընթաց» ձևակերպումը, բայց ամենայն վստահությամբ ասում եմ, որ ժողովրդավարությունը ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է Հայաստանում»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ու օրենքները.
«Կալանավորված են բոլորը՝ անկախ նրանից՝ ճաղավանդակի ա՞յն կողմում են, թե՞ այս, որովհետև կալանավորված են մեր խիղճը, մեր համոզմունքները, մեր հավատը և ապագայի շուրջ մեր մտորումները»։
Գալստյանը նկատեց, որ այսօր, երբ իշխանությունները ժողովրդին առատորեն «վաճառում են» ժողովրդավարության բաստիոնի գաղափարը և անամոթաբար խոսում ժողովրդավարության մասին, պետք է հիշել, որ Հայաստանը վերջին տասը տարիներին միջազգային կառույցների կողմից շարունակում է դիտարկվել որպես մասամբ ազատ, հիբրիդային երկիր.
«Հայաստանը 54-րդ տեղում է։ Նույնիսկ մեկ-երկու տարի առաջ նահանջ է արձանագրել հավաքների ազատության և ոստիկանական խոշտանգումների առնչությամբ։ «Կալանավորված Հայաստանում» բարձր են ազատության և ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտման ցուցանիշները։ Կալանավորված և անազատության մեջ գտնվող անձանց մոտ 48 տոկոսի դեպքում դեռևս դատավճիռներ չկան։ Շատ եմ լինում քրեակատարողական հիմնարկներում. մարդիկ կան անազատության մեջ, որոնց վերաբերյալ դատավճիռներ դեռևս 5-6 տարի է՝ չկան»։
Գալստյանը նկատեց, որ սարսափելի ցուցանիշներ կան նաև քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ինքնասպանությունների և մահվան դեպքերի վերաբերյալ։
«Միայն վերջին մեկ տարում, ըստ Գալստյանի, ՔԿՀ-ներում արձանագրվել է 27 մահ, որից 10-ը՝ ինքնասպանության, 17-ը՝ առողջական խնդիրների հետևանքով։ Այս վիճակագրության նկատմամբ վերապահում ունեմ, որովհետև այսպես են մեր ժամանակները, որ պետք է ամեն ինչ հալած յուղի պես ընդունենք»։
Գալստյանն ընդգծեց, որ ՔԿՀ-ներում կան նաև խոշտանգումների դեպքեր և պահման վայրերի սարսափելի պայմաններ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: