Տղերքի պատի մոտ

2022 թ․ ամռանը Ստեփանակերտում էի․ Գուրգեն Մելիքյանի՝ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի հետ հերթական անգամ նյութական աջակցություն էինք տարել Արցախ։

Երեկոյան ուշ ժամի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էի՝ ՏՂԵՐՔԻ պատի մոտ։ Մանր անձրև էր մաղում։ Մենակ էի, սակայն մի քանի անգամ ինձ թվաց՝ թիկունքումս մարդ կա, շուռ էի գալիս՝ ոչ ոք։ Հասկացա՝ Տղերքն էին՝ բոլորը՝ պահանջատեր, անհանգիստ հոգիներով։ Իրենց կյանքով էին պաշտպանել Արցախի այդ մնացած հատվածը․․․

Նայում եմ պատի նկարներին, բոլորի հայացքները ինձ են սևեռված։ 70 տասնյակից ավելի քաշաթաղցի Անմահ Հերոսների նկարներ էլ կան․ բոլորին եմ ճանաչում, շատերին՝ մանկուց․ դեռ աշակերտ էին, որ հանդիպում էի դպրոցներում, օգնում էին ինձ՝ պատմական հուշարձաններ գտնելու գործում։ Իրար մոտ են Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանի և Մելիք Սեյրանի Սողոմանյանի նկարները․ Անմահ Հերոսներ Քաշաթաղի շրջանից։

Տղերքին ճանաչում էի դպրոցական տարիներից։ Մխիթար Սողոմոնյանը 2000 թ․ ընտանիքով՝ կնոջ և 2 զավակների հետ, Զառիթափ գյուղից տեղափոխվեց Արցախ և բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, որի վերաբնակեցումն սկսվել էր 3 տարի առաջ ու շարունակվում էր։ Կովսականում ծնվեցին ընտանիքի 4 զավակներն ևս, և Մխիթարն իր 3 որդիների ու 3 դուստրերի հետ դարձավ Կովսականի բազմազավակ ընտանիքներից մեկի հայրը։

2001 թ․ հունիսի 9-ին ծնվեց նրանց երրորդ զավակը՝ Հովհաննեսը։ 2008-ի սեպտեմբերին դարձավ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվ․ միջն․ դպրոցի սան և ավարտեց միջնակարգը 2019-ին։ Հանրակրթական կրթությանը զուգահեռ պատանի հասակից զբաղվում էր սպորտով։ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը մասնաճյուղեր էր բացել նաև շրջանի մի քանի բնակավայրերում։

Ձյուդոյի խմբակներ էին գործում Բերձորում, Ուռեկանում, Փակահանում և Կովսականում։ Դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի հետ հաճախ էի ներկա լինում ձյուդոյի շրջանային մրցումների, որոնք հիմնականում անցկացվում էին Կովսականում, լուսաբանում էի դրանք։ Ժպտերես, պայծառ տղա էր Հովհաննեսը, ով դպրոցում ակտիվ մասնակցում էր տարբեր միջոցառումների, թատերական ներկայացումների։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց Հայոց բանակ։ 6 ամիս անց արդեն սերժանտի կոչում ուներ, պատվոգրեր, կրծքանշաններ։ Զինակից ընկերները շատ էին սիրում ջոկի հրամանատար Հովհաննեսին, վստահում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Հովհաննեսի ջոկն արդեն առաջնագծում էր՝ Հադրութում, Կարմիր Շուկայում, Մարտունիում ու Հայրենի սահմանն էր պահում։

Մոտ 1 ամիս մարտնչեց քաջորդին պատերազմի այն հատվածում, որտեղ հազարավոր տղաների կորուստ ունեցանք։ Նույն ժամանակ կատարած քաջագործությունների համար ստացել է լեյտենանտի կոչում։ Հոկտեմբերի 28-ի գիշերը Մարտունու շրջանի Քերթ գյուղի դիրքերում թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից նահատակվել է հերոսը։ Արցախից տեղահանվելուց հետո նրանց ընտանիքը վերադարձել է հայրական գյուղ՝ Զառիթափ, որտեղ էլ իր վերջին հանգրվանը գտավ նորօրյա Հայոց գոյամարտի Անմահ հերոսը՝ Հովհաննեսը։ Հերոս եղբոր մասին քույրը՝ Հռիփսիմեն, ասում է․ «․․․շրջապատում բոլորն էին սիրում․ աչքի էր ընկնում իր հումորներով և դրական կերպարով։ Մեծ հակում ուներ գյուղատնտեսության և անասնապահության հանդեպ։ Ուներ բազում երազանքներ, որոնք նպատակադրվել էր ի կատար ածել զորացրվելուց հետո, աշխատասեր էր։ Փորձում էր իր ծախսերը հոգալ ինքնուրույն և նեղություն չտալ ընտանիքին»։

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Որոտնավան գյուղում է ծնվել Մելիք Սեյրանի Սողոմոնյանը 2001 թ․ մայիսի 14-ին։ Նրան նույնպես ճանաչում էի դպրոցական տարիներից․ մի անգամ ասաց՝ ֆիզիկոս է դառնալու։ Մասնակցում էր ասմունքի մրցույթների, դպրոցական օլիմպիադաների։ Մշտապես աչքի էր ընկնում իր գիտելիքներով։ Սկզբնական կրթություն ստացել է Սյունիքի Ուռուտ գյուղի միջն․ դպրոցում։ 2010 թ․ նրանց բազմազավակ ընտանիքը բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Վարդաբացի գյուղական համայնքի Քարոտան գյուղում, որն ընկած է Որոտան գետի ձախ ափին՝ Հակարիի աջ ափին։ Սեյրանի 8 զավակներից 7-րդը Մելիքն էր։

Գերազանց առաջադիմությամբ 2019 թ․ ավարտեց Քարոտանի միջն․ դպրոցը։ Ինչ խանդավառությամբ էր մասնակցում Վերջին զանգի արարողությանը, որը կայացավ Բերձորում՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի կազմակերպմամբ։ 2019 թ․ հաղթող էր ճանաչվել դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլում՝ աշխարհագրություն առարկայից։

Բերձորում հանդիպեցի Քարոտանի դպրոցի աշակերտներին՝ տնօրենի գլխավորությամբ։ Բարձր տրամադրություն ունեին բոլորը։ Դպրոցի տնօրեն Սաթենիկ Սարգսյանը գովեստով խոսեց իր սաների մասին։ Ասաց՝ Մելիքը մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները սիրում է և լավ է սովորում։ Նույն տարի էլ ընդունվեց Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ Գիտեր՝ ընտրած մասնագիտությունը շատ է պետք գալու հենց իր հարազատ դպրոցում։ Համալսարան ընդունվելուց հետո՝ 2019 թ․ հունիսի 15-ին, զորակոչվեց հայոց բանակ։ Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում, որը մշտապես էր թշնամու թիրախ։

Շուտով արդեն կրտսեր սերժանտ էր ու մարտական հենակետի պատասխանատու։ Մարտական ընկերները կարոտով են հիշում ֆիզիկոս Մելիքին, ով պատրաստակամ օգնում էր բոլորին։ Պատմել են՝ իրենց սովորեցնում էր հրետանային հաշվարկներ կատարել, երբեմն բարդ հաշվարկները կատարում էր մյուսների փոխարեն։ 1 տարուց ավելի էր ծառայել Մելիքը, արդեն փորձառու զինվորական էր, հայրենիքի պաշտպան, երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի բոլոր սահմանապահ զորամասերում տագնապ հնչեց, սկսվեց պատերազմ․․․ Մելիքն ու իր ջոկի տղաներն ուղիղ 1 ամիս կռվում էին քաջաբար ու փակում թշնամու ճանապարհը։ Մելիքի ավագ եղբայրը՝ Սասունը, կռվում էր Վարանդայում։ Ծնողներին լուրեր էին հասել, թե Սասունը զոհվել է, բայց, Փառք Աստծո, օրեր անց նա դուրս էր եկել շրջափակումից ու տուն վերադարձել։

Մայրը չէր հավատում նաև, թե հոկտեմբերի 27-ին հերոսաբար զոհվել է Մելիք որդին, հույս ուներ՝ տուն է գալու։ Բայց Մելիքի մարմինը հարազատները գտել են Արցախի Մարտունի քաղաքի դիահերձարանում 2020 թ. նոյեմբերի 20-ին։ Հերոսին զինվորական կարգով հուղարկավորեցին Սիսիան քաղաքի Անմահ հերոսների պանթեոնում, որտեղ են նաև Արցախյան բոլոր գոյամարտերում, ինչպես նաև 44-օրյա պատերազմում մարտիրոսված շատ սիսիանցիներ։ Այստեղ է հավերժ հանգրվան գտել նաև քաշաթաղցի Անմահ հերոս Վրեժ Սեյրանի Պողոսյանը։ Ստեփանակերտի՝ Տղերքի պատին՝ Մելիքի ու Հովհաննեսի նկարների հարևանությամբ, են նաև քաշաթաղցի Անմահ հերոսներ Հրաչյա Գալուստի Մարտիրոսյանի և Հովսեփ Մհերի Հովսեփյանի լուսանկարները։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment