Անկախ տարատեսակ զրպարտություններից և հերյուրանքներից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերն ու գործունեությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի են. Արշակ սրբազան

«Անկախ տարատեսակ զրպարտություններից և հերյուրանքներից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերն ու գործունեությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի են»,- Մայր տաճարի բակում, մինչ պատարագի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Վեհափառի օծման 27-րդ տարեդարձն է այսօր։ Մայր տաճարից դուրս բերվեց Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Սուրբ և անմահ պատարագին մասնակցելու համար Վեհարանից դուրս եկավ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և եկեղեցական թափորի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճար` ճանապարհին օրհնելով հավատավոր հայ ժողովրդի զավակներին։

«Այսօր էլ, երբ աշխարհը ցնցվում է ճգնաժամերով և մարտահրավերներով, Մայր Աթոռն՝ ի դեմս մեր 132-րդ Հայրապետի, շարունակում է մնալ Հայոց աշխարհի հոգևոր զարկերակը՝ խղճի և բարոյականության մեջ»,- սուրբ և անմահ պատարագի ժամանակ ասաց պատարագիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը բոլորի անունից շնորհավորեց Գարեգին Երկրորդին. «27 տարիները ժամանակի մի մեծ հանգրվան է, որն իր մեջ ոչ միայն ամփոփում է մեկ հայրապետի կյանքն ու գործունեությունը, այլեւ մեր ժողովրդի մեկ սերնդի նորագույն պատմության ամենահուզումնալից, բայց և վերելքներով և հաղթանակներով լի շրջանը»։

Նա հիշեցրեց` Կաթողիկոսը լուսավորչի գահը ստանձնեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու հայությունը նոր էին ոտք դրել անկախության ճանապարհին. «Այդ 27 տարիները եղան ամբողջական նվիրումի, ամենօրյա աղոթքի, անխոնջ աշխատանքի և հայրենասիրության մի մեծ մատյան, որի ամեն մի էջը վկայություն է նվիրումի»։

Պատարագչի բութագրմամբ`Կաթողիկոսն աղքատին բերել է հոգևոր հաց և մխիթարություն՝ Աստծո խոսքի ավետարանմամբ, ժողովրդի ամենածանր, ցավոտ և ճգնաժամային պահերին Հայրապետը մշտապես եղավ սգավորների և սրտով բեկյալների կողքին, բռնության դեմ կանգնելով՝ շարունակեց մնալ հայի հոգևոր ազատության և արժանապատվության պահապանը։

«Հայ եկեղեցու ձայնը լսելի է դարձրել միջեկեղեցական և միջպետական բարձր ամբիոններից, վերանորոգել ու կառուցել է հարյուրավոր վանքեր և եկեղեցիներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում…
Չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին, հոգևոր և քաղաքական ցնցումներին, հայրապետն անխոնջ կերպով շարունակում է իր ուսերին կրել պատասխանատվության խաչը՝ աղոթելով ժողովրդի բարեկեցության, հայրենիքի խաղաղության և մեր եկեղեցու անսասանության համար։ 27 տարվա Հայրապետական խաչ՝ ի սպաս ժողովրդի, և աստվածային հանձնառության իրագործում՝ գործով և կյանքով»,-ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը` հավելելով, որ այսօր՝ ծանր փորձությունների առջև, առավել, քան երբևէ կարիք ունենք հոգևոր արթնության, և զգոնության։

Պատրաստեց Նելլի Գրիգորյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment