«Այս իշխանությունը ավելի շատ ագրեսիվ է դառնում երբ իրենց կոռուպցիոն սխեմաների մասին սկսում են խոսել: Հատիկ առ հատիկ այսօր կներկայացնեմ, և դա էր նաև այսօրվա սադրանքի մեխը»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ենք, ասֆալտապատման աշխատանքներ սիրող այս իշխանությունը շատ լավ գործ է անում՝ կառուցում է, վերակառուցում է, բայց երբ ուսումնասիրում ենք տողատակը, տեսնում ենք՝ ովքեր են կառուցում, ինչ միջոցներով են կառուցում, և ո՞ւր է գնում պետության փողը, և ինչո՞ւ է աչքերը փակում այն ինստիտուտը, որը պետք է վերահսկի։ Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքան համայնքների ՔՊ-ական ղեկավարներ կան, ընդ որում, կարկառուն, բացել են ընկերություններ և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով: Եվ ի՞նչ է տեղի ունենում՝ ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում են։ Բավականին շատ հետաքննական նյութեր, հրապարակումներ որ հոդվածներ կան, հարց է առաջանում՝ ինչո՞ւ որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում։ Որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ»,- ասաց Յոլյանը։
«Պատահական հասել եք իշխանության, կառավարման հնարավորություն ենք ստացել, միլիոններ եք աշխատում։ Ու որին նայում ես, պալատ է կառուցում: Եթե հարցնես՝ ինչո՞վ ես կառուցում, նախկիններն էլ էին կառուցում, ասելու են՝ մենք ճաշակով ենք, մենք չենք թալանել: Բայց իրականությունն այն, որ հերոս հարկատուն կաշվից դուրս է գալիս, կոպեկ առ կոպեկ հարկ է վճարում, որ կուսակցական ջոջերը տուն պահեն։ Ձեր իշխանության օրոք 100 միլիարդից ավել ձեր սրտի խոշոր հարկատուներին ազատել եք հարկերից, միլիարդներով, ցուցակը կարող եմ հրապարակել։ Ինչի՞ համար, որպեսզի ձեզ հետ փոխկապակցված բոլոր հիմնադրամներին մուծվեն»,- հավելեց նա։
Յոլյանը նշեց՝ այն ատելությունը, այն հայհոյանքի մշակույթն ու պառակտումը, որն այս իշխանություն է բերել, վատ ավարտ է ունենալու հենց իշխանության համար։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ես ձեզ ասեմ՝ ավարտի մեկնարկը տրված է, և հույս չունենաք, որ միշտ վախկոտի պես թաքնվելու եք ոստիկանության թիկունքում։ Իմացեք, որ ամեն ինչին վերջ է լինելու, ձեր իշխանությանն էլ է վերջ լինելու: Ոչ Ոստիկանությունը, ոչ Քննչական կոմիտեն, ոչ ԱԱԾ-ն ձեզ չեն փրկելու իրականությունից: Եթե կուզեք՝ արդարադատությունից, իրական արդարադատությունից, ոչ այն արդարադատությունից, որը դուք սեփականաշնորհել եք և կարծում եք, թե փրկվելու եք այդ արդարադատության թիկունքում, ինչպես այսօր ոհմակային տրամաբանությամբ 10 հոգով հարձակվում եք մեկ հոգի վրա և պատասխանը ստանում եք»,- ասաց Իրինա Յոլյանը
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: