Հասարակություն
29.10.2026 | 15:46
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2008 թվականին Արգավանդ համայնքում անցկացված հողամասի աճուրդը, որի արդյունքում 0,12 հա մակերեսով հողատարածքը վաճառվել էր համայնքի նախկին ղեկավարի որդուն։ Դատարանն անվավեր է ճանաչել նաև առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կվերադարձվի Մեծամոր համայնքին։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի նախկին ղեկավարի և նրա որդու՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով՝ բավարարվել է Արմավիրի մարզի դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի (նախկինում համայնք) 0.12 հա մակերեսով հողամասի 2008 թվականի մայիսի 11-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք՝ նաև Արգավանդ համայնքի և համայնքի նախկին ղեկավարի որդու միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը»։