Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է պնդումները, թե ամերիկյան իշխանությունները միտումնավոր սահմանափակել են Starlink արբանյակային ինտերնետային համակարգի աշխատանքը, որն Ուկրաինան օգտագործում է ռազմական կապի և անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։

«Սպիտակ տանը ոչ ոք հրահանգ չի տվել դանդաղեցնել ինտերնետի աշխատանքը կամ նվազեցնել տվյալների փոխանցման արագությունը»,- հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ երեկոյան, Ուզբեկստան կատարելիք այցից առաջ լրագրողներին հայտարարել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիրների պատճառները դեռևս անհայտ են, սակայն համակարգի հասանելիությունն արդեն վերականգնվել է։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինան հասանելիություն չունի Starshield համակարգին, որն օգտագործվում է ամերիկյան զինված ուժերի կողմից։ Նրա խոսքով՝ Կիևը դիմել էր՝ խնդրելով տրամադրել համակարգից օգտվելու հնարավորություն Ռուսաստանի տարածքում գործողություններ իրականացնելու համար, սակայն ԱՄՆ-ն թույլտվություն չի տվել։ Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը նախկինում հայտնել էր հենց Starshield համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լինդսի Գրեհեմի օրենքով նախատեսված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չկիրառելու որոշմանը՝ Ռուբիոն բացատրել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է «վերլուծել պատժամիջոցների և մաքսատուրքերի ազդեցությունը» համաշխարհային և ամերիկյան տնտեսությունների վրա։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Starshield համակարգի աշխատանքի սահմանափակումներն առաջացել են հոկտեմբերի 14-ի գիշերը, ինչի հետևանքով դժվարացել են անօդաչու համակարգերի աշխատանքը և լոգիստիկ գործընթացները։ Սակայն արդեն հոկտեմբերի 15-ին գերատեսչությունը հայտնել է, որ դաշտային պայմաններում համակարգի աշխատանքը վերականգնվել է։

Ինչպես DW-ին անանուն մնալու պայմանով հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան, Կիևը ԱՄՆ-ից որևէ պարզաբանում չի ստացել կապի արագության սահմանափակումների վերաբերյալ։

«Մենք սա դիտարկում ենք որպես հետագա հնարավոր սահմանափակող միջոցների մասին ազդակ»,- ասել է DW-ի զրուցակիցը։

Leave a comment