Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Օլիմպիակոսի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է «Ոսկե գնդակ-2026»-ի երկու հիմնական հավակնորդներին։ Այն մասին, թե ով պետք է ստանա մրցանակը, նա իր կարծիքով կիսվել է «Euro-Football.ru» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում։
«Ես «Ոսկե գնդակի» համար երկու հավակնորդ ունեմ։ Եթե ես լինեի միջոցառման կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որպեսզի «Ոսկե գնդակը» նվաճեր Լիոնել Մեսսին, որովհետև նա պարզապես հանճարեղ հանդիպումներ անցկացրեց Արգենտինայի հավաքականի կազմում։ Չնայած տարիքին՝ Մեսսին ցույց տվեց, թե ով է իսկական առաջատարը։ Նա միայնակ երեք-չորս խաղ հաղթեց, իսկ վերջում՝ Իսպանիայի հավաքականի դեմ եզրափակիչում, ուժերը չբավականացրին։ Չենք մոռանում նաև նրա ելույթները «Ինտեր Մայամիում»։ Պարզ է, որ այնտեղ այլ մակարդակ է, բայց վստահ եմ, որ նա հիմա էլ չէր կորչի որևէ թոփ-առաջնությունում։ Մեսսին արդեն հիանալի հասկանում է, որ այնքան ռեսուրս չունի, որպեսզի երկար տարածության վրա բարձրագույն մակարդակով 60 հանդիպում անցկացնի։ Եթե կարողանայի, այս մրցանակը կտայի Մեսսիին։
Ըստ արժանվույն՝ եթե հաշվի առնենք անհատական մրցանակները, ելույթները, հավաքականների և ակումբների հետ տարած հաղթանակները, ապա, իհարկե, «Ոսկե գնդակը» պետք է նվաճի Լամին Յամալը։ Նա այս պահի դրությամբ լավագույն դրիբլյորն է և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Արդեն որերորդ մրցաշրջանն է՝ նա կայուն խաղ է ցուցադրում։ Կարծում եմ՝ նա պետք է ստանա այս մրցանակը։ Բայց եթե ես ընտրեի Մեսսիի և Յամալի միջև, կընտրեի Մեսսիին՝ ի նշան ֆուտբոլի հանդեպ ունեցած հարգանքի ու նրա վաստակի, ինչպես նաև, իհարկե, աշխարհի առաջնությունում ցուցադրած խաղի համար»,- հայտարարել է Թիկնիզյանը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ Հավելենք, որ մրցանակի գործող դափնեկիրը ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն է։
Աղբյուրը՝ Armsport.am: