Wood Mackenzie-ի փոխնախագահը՝ Հայաստանի հանքարդյունաբերության խնդիրների մասին․ «Ֆիսկալ միջոցները կարելի է ներդնել բավական արագ, և երկիրը կդառնա ավելի գրավիչ»

Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ներդրողները դրական են գնահատում Հայաստանի երկրաբանական ներուժը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի համար անհրաժեշտ կադրերի, գիտելիքների և մասնագիտական հմտությունների հասանելիությունը։ Այս մասին այսօր ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ  ֆորումի ժամանակ ասաց Wood Mackenzie ընկերության՝ հանքարդյունաբերության և մետաղների գծով փոխնախագահ Վաել Ջաբերը։

Նա խնդրահարույց համարեց երկրաբանական տվյալների բազայի ցածր որակը և հանքարդյունաբերության շուրջ հանրային համաձայնության ձևավորման վիճակը։ Նրա համոզմամբ՝ երկրաբանական տվյալների ոչ բավարար ամբողջականությունն ու որակը դժվարացնում են նախագծերի հեռանկարների գնահատումը և անորոշություն են առաջացնում Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունը դիտարկող ընկերությունների համար։

Ջաբերը խնդիր է տեսնում նաև հանքարդյունաբերական բիզնեսի և հասարակության հարաբերություններում։ Ըստ նրա՝ ոլորտի զարգացման համար կարևոր է, որ դրա գործունեությունն ընկալվի որպես լեգիտիմ, իսկ նախագծերի իրականացման պայմաններն ու դրանցից բխող պարտավորությունները հանրային վստահություն վայելեն։

Բացահայտված թերությունները, ըստ նրա, չպետք է դիտարկվեն որպես անհաղթահարելի խոչընդոտներ. նպատակային քայլերի շնորհիվ հնարավոր է այդտեղ բարելավումներ արձանագրել։

Անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքին՝ Ջաբերը նկատեց, որ ներդրողների գնահատականներում այն միջանկյալ դիրք է զբաղեցնում՝ միանշանակ չդիտարկվելով ո՛չ որպես առավելություն, ո՛չ որպես թերություն։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող է ընկալվել որպես աշխարհագրական առումով սահմանափակ հնարավորություններ ունեցող երկիր։ Սակայն, նրա խոսքով, կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է երկրի տարածաշրջանային դիրքն օգտագործել տնտեսական կապերն ընդլայնելու համար։ Մասնավորապես, նա մատնանշել է հարևան պետությունների, Հայաստանի տարանցիկ դիրքի և տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ձևավորման հեռանկարի հետ կապված հնարավորությունները։

Պետական կառավարման վերաբերյալ Wood Mackenzie-ի իրականացրած հետազոտությունը արձանագրել է նաև իրավական համակարգի թափանցիկության և օրենսդրության կիրառման պրակտիկայի խնդիրներ։ Փորձագետի խոսքով՝ ներդրողները Հայաստանում իրավական միջավայրի թափանցիկությունն ու իրավակիրառական պրակտիկան բավարար չափով բարձր չեն գնահատում։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե որքան կանխատեսելի կլինեն գործունեության կանոնները, ինչպես կպաշտպանվեն իրենց շահերը և որքան հետևողականորեն կկատարվեն սահմանված պահանջները։

Ջաբերը շեշտեց, որ նույնիսկ հեռանկարային հանքավայրերի առկայության դեպքում երկիրը պետք է ձևավորի համապատասխան ինստիտուցիոնալ պայմաններ՝ միջազգային բիզնեսի հետաքրքրությունը գրավելու համար։

«Անհրաժեշտ է փոխել մոտեցումները։ Դա իրական է, դա հնարավոր է անել»,- նշեց Ջաբերը՝ շեշտելով, որ կոնկրետ փոփոխություններ են հարկավոր։

Հետազոտության արդյունքներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ֆիսկալ ռեժիմին՝ հարկման պայմաններին և այլ ֆինանսական պարամետրերին, որոնք որոշիչ նշանակություն ունեն հանքարդյունաբերական նախագծերի տնտեսական արդյունավետության համար։ Ջաբերն այս գործոնը ներառել է բարելավման կարիք ունեցող ուղղությունների շարքում՝ ընդգծելով, որ հենց այստեղ պետությունը կարող է համեմատաբար կարճ ժամանակում արդյունքի հասնել։

«Ֆիսկալ միջոցները կարելի է ներդնել բավական արագ, և երկիրը կդառնա ավելի գրավիչ»,- պարզաբանել է փորձագետը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment