Հյուսիսային Կորեան փորձարկել է արհեստական բանականությամբ նոր «Zam-2.0» տորպեդային համակարգը

Հյուսիսային Կորեան շաբաթ օրը հայտարարել է արհեստական բանականության տարրերով օժտված նոր տորպեդային համակարգի փորձարկման մասին՝ շարունակելով վերջին շրջանում իրականացվող ռազմական սպառազինությունների ցուցադրությունը։ KCNA պետական լրատվական գործակալությունը փոխանցում է, որ փորձարկումները վերաբերել են «Zam-2.0» տորպեդային համակարգին, որը բնութագրվել է որպես «գերարագ, բարձր ճշգրտությամբ կառավարվող» սպառազինություն, որն օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ թիրախների հայտնաբերման և նշանառության համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկումները հաստատել են համակարգի շարժիչային տեղակայանքների աշխատունակությունը։

Այս նորությունը հաջորդում է չորեքշաբթի օրը ԿՆԴՀ-ի կողմից սուզանավային տեղակայման ռազմավարական թևավոր հրթիռների երկու տեսակի փորձարկումներին, ինչը, ըստ մասնագետների, միտված է ռազմածովային ներուժի հզորացմանը։ Ենթադրվում է, որ հրթիռներն արձակվել են սուզանավից։ Վերջին շաբաթներին Հյուսիսային Կորեան իրականացրել է նաև բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ՝ նպատակ ունենալով համալրել սեփական արսենալը Հարավային Կորեայի հետ աճող լարվածության ֆոնին։

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Կիմ Չեն Ընն ունի «57 չափազանց հզոր միջուկային մարտագլխիկ»՝ վերահաստատելով իրենց անձնական հարաբերությունների բնույթը։ «Գիտեք, այն փաստը, որ եմ նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, լավ է, այլ ոչ թե վատ»,– հայտարարել էր Թրամփը՝ հավելելով, որ Փհենյանի միջուկային արսենալի ձևավորումը «երբեք» չպետք է թույլ տրվեր։ Այն ժամանակ Թրամփը նշել էր, որ մտադիր է հանդիպել Կիմի հետ այս տարվա ընթացքում, սակայն հստակ մանրամասներ չէր հայտնել։ Բացի այդ, ընթացիկ ամսվա սկզբին ԱՄՆ նախագահը պնդել էր, թե «մշտական հիմունքներով» կանխում է պատերազմը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment